▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետը կունենա ևս 1 տեղակալ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 4-ի նիստում հավանություն տվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Այս փաստաթղթով նախատեսվում է ավելացնել Երեւանի քաղաքապետի տեղակալի եւս մեկ պաշտոն: Ըստ հիմնավորման, Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երեւան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Երեւանի քաղաքապետին տրված իրավասությունները: Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին