Մոտ երեք տարի առաջ հիվանդանոցներից մեկում հաշվետվության համաձայն ավելի քան 30 հիվանդ վիրահատվել են ստորին ծնոտի փտախտի համար: Դրա պատճառը եղել է «կրակադիլ» տեսակի թմրանյութ օգտագործելը: Այդ հիվանդների մեծ մասը հանդիսացել են Երևանի հանրային տրանսպորտի վարորդներ: Փաստորեն վտանգված է մեր բոլորի կյանքը: Եթե վարորդները ներարկում են «կրակադիլ» տեսակի թմրանյութ ու աշխատում են, վտանգում են բոլորիս կյանքը: Ես այս հարցով դիմել եմ ներկայիս քաղաքային իշխանությանը, սակայն որևէ արձագանք չեմ ստացել: Արդյո՞ք ստուգվում է մեր վարորդների առողջական վիճակը, արդյո՞ք կարող եք ասել, որ իմ արած պնդումը, որը վերաբերում է երեք տարի առաջվա տվյալների, այսօր այլևս արդիական չէ: Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Մարինա Խաչատրյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պաշտոնակատար Էդգար Գալստյանին:
Գալստյանը հայտարարեց, որ ցանկացած վարորդ, ով ալկոհոլ և կամ վերոնշյալ միջոցից կօգտագործի, պոտենցիալ վտանգ կներկայացնի իրենից. «Երթևեկության ցանկացած մասնակից պետք է հետևի ճանապարհային երթևեկության կանոններին՝ առաջնորդվելով գործող կարգերով ու նորմերով: Ինչ վերաբերում է վարորդների ստուգմանը, ապա կարգի համաձայն վարորդները հավաքակայանից դուրս գալուց առաջ պետք է բուժզննման ենթարկվեն: Դա պարտավոր են անել մասնավոր ընկերությունները: Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցին, ապա այն պարտադիր տեխնիկական զննում պետք է անցնի»: Պաշտոնյան նշեց, որ վարորդի կողմից ինչ-որ միջոցներ օգտագործելու մասով խնդիրներ ունենում են նույնիսկ զարգացած երկրները, քանի որ նա դա կարող է անել երթուղի դուրս գալուց հետո. «Նույնիսկ օդաչու է եղել, ով ալկոհոլ է օգտագործել: Այդ երևույթը բացառել հնարավոր չէ: Մենք ուղղակի պետք է զգոնությունն ավելի ուժեղացնենք, ինչն անում ենք»: