▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ճանաչվել է անմեղսունակ. նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու եւ անվտանգության միջոց ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն էլ, դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, վերացրել է խափանման միջոց կալանավորումը եւ կիրառել անվտանգության միջոց. Թորոսյանը դարձյալ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ:

Հարցին՝ տվյալ դեպքում նրա տված ցուցմունքները ճանաչվելո՞ւ են անարժանահավատ, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Եզրակացության մեջ նշված է, որ նա տառապել է եւ տառապում է նշված հոգեկան հիվանդությամբ, այսինքն՝ նրա ցուցմունքներին որեւէ իրավական գնահատական տրվել չի կարող, նաեւ նշված է, որ նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին»: Ըստ պաշտպանի՝ սա ենթադրում է, որ նախաքննության ավարտից հետո, երբ գործը ուղարկվի դատարան, սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն քննվելու է հատուկ կարգով. «Այսինքն՝ դատարանը որոշելու է անմեղսունակության վիճակով քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի հարկադիր բուժման, այլ ոչ թե քրեական պատասխաանտվության եւ պատժի հարցը»:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 218-րդ, 235-րդ (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը կամ փոխադրելը) եւ 185-րդ հոդվածներով, եւ Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին