▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեմյան Փրոջեքթս»-ը ուրիշի հաշվին ձեռք բերած մրցանակը նվիրեց իշխանություններին. արտոնություննե՞ր են ուզում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 1-ին «Երեմյան Փրոջեքթս»-ը «Սիզընս» այգում մրցույթ-միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում 1 ժամում 6000 մարդ մեկ բաժակ կաթ պետք է խմեր՝ «Գինեսի» ռեկորդի գրանցման համար։

Միջոցառման դեմքը բլոգեր, երգիչ Կարո Այրումյանն էր, որն այդ օրը նաեւ համերգային ծրագրով հանդես եկավ։ Կարելի է ասել՝ միջոցառմանը հավաքված մարդիկ ոչ թե կաթ խմելու, կամ «Երեմյան Փրոջեքթս»-ի համար էին այդ օրը հավաքվել, այլ հենց սիրված բլոգերի համեգին մասնակցելու. համենայնդեպս, մեր հարցումները դա ցույց տվեցին:

Բայց, արի ու տես, «Երեմյան Փրոջեքթս»-ը սիրված բլոգերի անվան հաշվին մրցույթ է կազմակերպում, մեծ թվով մարդիկ հավաքում, իսկ հետո հաղթանակը նվիրում է էկոնոմիկայի նախարարությանը։

Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հունիսի 24-ին հանդիպել էր Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին եւ նրան նվիրել 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցման համար սահմանած՝ «Գինեսի» համաշխարհային ռեկորդը հավաստող վկայականը։

Այսինքն՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը ոչ թե իր, այլ Կարո Այրումյանի հեղինակության հաշվին ձեռք բերած մրցանակը նվիրեց իշխանություններին. հավանաբար, քաղաքականացրեց այդ «անմեղ» ակցիան, որպեսզի արտոնություններ ստանա:

Թե որքանով է արդար, թերեւս հանրությունը կդատի։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով պարզաբանում խնդրեց նաեւ «Երեմյան Փրոջեքթս»-ի PR-ղեկավար Անահիտ Գեւորգյանից, թե ինչու է որոշվել վկայականը նվիրել Էկոնոմիկայի նախարարությանը։

Վերջինս էլ նշեց. «Ռեկորդը երկրինն է, նվիրել ենք Հայաստանին՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարությանը։ Նախորդ միջոցառման ժամանակ էլ ռեկորդը նվիրել էինք Երեւանին՝ ի դեմս քաղաքապետարանի։ Այսինքն՝ ճիշտ չի լինի, որ ռեկորդը մեզ մոտ պահենք, դրա համար նվիրում ենք երկրին»։

Լուսանկարը՝ Կարո Այրումյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին