▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք բան կար, որ մեր թշնամիները չէին հաշվարկել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեք բան կար, որ մեր թշնամիները չէին հաշվարկել: Պատմությունը և ժամանակը ցույց կտան, թե ովքեր էին վերջին օրերի ռազմական գործողությունների հրահրողները և օժանդակողները, բայց մինչ այդ նրանց պայմանականորեն անվանենք կազմակերպիչներ:

Կազմակերպիչներին թվում էր, որ Հայաստանի սոցիալական վիճակը վատ է, իսկ ժողովուրդն անտարբեր և առաջին իսկ կրակոցից կսկսվի արտագաղթ ու փախուստ, ազատամարտիկները գերազանց սոցիալական վիճակում չեն և հիասթափված են, զինվորները երիտասարդ են և անփորձ: 

Ինչևէ, կազմակերպիչների խաղաքարտերը խառնվեցին առաջին իսկ օրվանից: Իրենց կարծիքով երիտասարդ և անփորձ զինվորները, մատաղացու գառ լինելու փոխարեն, տասնապատիկ ավելի թշնամի կոտրեցին`թանկ տալով իրենց կյանքը: Փորձառու ազատամարտիկները, ընդունված նորմատիվներից ավելի արագ մոբիլիզացվեցին, շտապեցին Արցախ:

Հետաքրքիրն այն է, որ Արցախ կամավոր մեկնել ցանկացողների առաջին շարքերում կարելի էր տեսնել այն ազատամարտիկներին, որ սոցիալական գերազանց վիճակում չեն, իսկ տպավորություն կար, որ երկրորդ անգամ չեն գնա, բայց առաջինը նրանք էին բացում ԵԿՄ դռները: Անսպասելի էր նաև, որ կամավոր Արցախ մեկնելու համար գալիս էին անչափահաս տղաներ, ամեն կերպ փորձում էին թաքցնել իրական տարիքը, խնդրում էին իրենց էլ տանել:

Կազմակերպիչները սխալվեցին նաև ժողովրդի հարցում. արտագաղթի փոխարեն, որքան էլ որ տարօրինակ է, սկսվեց ուժեղ ներգաղթ, սփյուռքից կամավորների մեծ հոսք: Օրինակ` մեր գումարտակում կար ինձ տարեկից մի տղա, որ առաջին իսկ օրը վերադարձել էր ԱՄՆ-ից Արցախում կռվելու համար: Ազգս համախմբվեց ինքնաբուխ Արցախի և հաղթանակի շուրջ:Ոչ հարգելի կազմակերպիչներ այսպիսի ազգին ձեր դավերով, ժամանակակից զենքերով, միլլիարդներով չեք հաղթի:

Հ. Գ. Մնում է զինադադարից հետո վերակենդանացման նշաններ ցույց տվող թուրքացած հայերին իրենց տեղը ցույց տանք, որ ճակատում գտնվողների թիկունքը չխառնեն, նրանց մասին չբամբասեն, մարդկանց անվան հետ չխաղան, հիմար մեղադրանքներ չհնչեցնեն:
Փառք թիկունքում կանգնած մեր ազգին, սահմանում կանգնած զինվորը`ժամկետային ու կամավոր, այնքան ապահովված են, որ Երկրապահներն ոչխար ու խոզ գողանալու ոչ կարիք ունեն, ոչ տեսակով են այդպիսին: Ի դեպ, վերջին նշածս բամբասանքը հարցի տեսքով այսօր եմ լսել:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին