▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ գեղեցիկ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին. Յուրի Խաչատուրովը՝ դատավորին

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, դիմելով դատարանին, ասաց.

«Ինձ զարմացնում է մի փաստ. չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը ձեզնից շատ ավելի ենթարկվող է, քան դուք, և մենք ռիսկի ենք գնում՝ ձեզնից ինքնաբացարկ պահանջելով»:

Ապա կրկին դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց.

«Այդ կապակցությամբ մի խորհուրդ եմ ուզում տալ, քանի որ ձեզնից ավելի տարիքով եմ: Երբ դուք կհեռանաք խորհրդակցական սենյակ, այնտեղ եթե հայելի կա, լավ է, եթե չկա, ապա կարգադրեք, որ ապահովեն: Հանե՛ք ձեր դիմակը, նայեք հայելու մեջ, հիշեք Էրիկ Ալեքսանյանի խոսքերը, որ դուք կատարել եք հանցագործություն և ինչպես կարող եք դատել Էրիկ Ալեքսանյանի վստահորդին, երբ ձեր դեմ քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացվել: Չնայած ես կասկածում եմ, բայց շատ հնարավոր է, որ եթե դուք հեռանաք այս գործից և դադարեք մեր գործով դատավոր լինել, էդ դեպքում կարող է դատախազությունը ձեզնից նեղանա, բայց ես ձեզ խոստանում եմ, որ նման դեպքում կխնդրեմ իմ փաստաբանին լինել ձեր պաշտպանը»:

Խաչատուրովը իր խոսքն ավարտեց՝ հերթական խորհրդով.

«Երիտասարդ գեղեցիկ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին, առողջ եղեք»,- ասաց նա դատավորին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին