armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը:
Ինչպես եւ նախատեսվում էր՝ այսօր դատարանում հարցաքննվել է դեպքի օրը՝ 2015 թվականի մարտի 4-ին Վազ 2107 մեքենայի խուզարկությանը որպես ընթերակա մասնակցած Հայկ Սարգսյանը: Ընթերակային տեսնելուն պես նախագահ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքվել է. «Ինձ հիշեցի՞ր»: Նշենք, որ Հայկ Սարգսյանը աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որպես անվտանգության աշխատակից: Նա այժմ այլ քրեական գործի շրջանակներում կալանավոր է (մեր տեղեկություններով նա կալանավորվել է թմրանյութի գործով,-հեղ.). գործը քննում է հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Ընթերակա Հայկ Սարգսյանը դատարանում հայտարարել է, թե ոչինչ չի հիշում: Պաշտպան Լուսինե Սահակյանը նրան պարզաբանել է իր պարտականությունները, համաձայն որի՝ ընթերական պետք է հիշի, թե ինչ է կատարվել: «Ես ոչ մի բան չեմ հիշում, հարգելի դատարան, երկու տարվա մեջ էնքան բան ա իմ կյանքում տեղի ունեցել, որ ներկա պահին ոչ մի բան չեմ հիշում»,- դատարանում հայտարարել է ընթերական: Լուսինե Սահակյանի ճշտող հարցին, իսկ ընդհանրապես այդ գործողությանը ներկա գտնվե՞լ եք, ընթերական պատասխանել է՝ չեմ հիշում: Սա զայրացրել է նախագահող դատավորին. «Ի՞նչ կա է չհիշելու»: «Չեմ հիշում ոչ մի բան, հարգելի դատարան»,- պատասխանել է Հայկ Սարգսյանը: «Հիմա ինչ անենք. արձանագրենք, որ չի հիշում, հիշողությունը կորցրել է»,- դիմելով կողմերին՝ ասել է դատավորը:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ընթերակային ներկայացրել է այն արձանագրությունները, որում դրված է իր ստորագրությունը եւ հարցրել է, թե արդյոք դա իր ստորագրությունը չէ՞։ Ընթերական հաստատել է, որ փաստաթղթում իր ստորագրությունն է։ Պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին, թե կարդացե՞լ է ստորագրելուց առաջ արձանագրությունը, Հայկ Սարգսյանը բացասական պատասխան է տվել:
Այսքանով ընթերակա Հայկ Սարգսյանի «հարցաքննությունն» ավարտվել է: Նշենք, որ նախորդ նիստում հարցաքննված ընթերակաները նույնպես չեն հիշել, թե ինչ քննչական գործողության են մասնակցել դեպքի օրը եւ ինչ արձանագրության տակ են ստորագրել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


