Երեկ համացանցային քննարկման գլխավոր թեման, թերևս, Աշոտ Աղաբաբյան-Լիլիթ Կարապետյան ֆեյսբուքյան հարաբերություններն էին: Համացանցի օգտատերերի աչքից չէին վրիպել Աշոտ Աղաբաբյանի` երգչուհու նկարներին արված մեկնաբանությունները: Նույնիսկ հնչել էին կարծիքներ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը պարզապես սիրահետում է Լիլիթ Կարապետյանին: Նշենք, որ երեկ Աշոտ Աղաբաբյանը մեկնաբանել է իր գրառումները.
«Ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա մեր ամենալավ երգչուհիներից է ու իր նկարը ֆեյսբուքում տեսնելով կոմպլիմենտ եմ արել, գեղեցիկ հայացքի համար: Ես դա չեմ արել ինչ-որ բան նկատի ունենալով: Պատգամավորը Լիլիթ Կարապետյանի հայացքը մեկնաբանեց, կամ էլ թե չէ ասենք Օբամայի կամ Վարդիշաղ Վարդիշաղյանի հայացքը մեկնաբանեց, հետո ի՞նչ: Չգիտեմ դա էգ է, թե որձ, բայց հոգին շատ կեղտոտ է ու նա չի հասկանում, որ նման քայլով իր հեղինակության հետ ավելի շատ է խաղում, քան փորձում է մեկի հեղինակության հետ խաղալ»:
Այս աղմկահարույց միջադեպի կապակցությամբ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Լիլիթ Կարապետյանի հետ: Վերջինս, նույնիսկ իր երեխայի անունով երդվելով, նշեց, որ որևէ բանից տեղյակ չէ, ավելին` գրառումներն էլ չի տեսել.
«Ես որևէ պատկերացում չունեմ այդ ամենի վերաբերյալ, հազվադեպ եմ օգտվում ֆեյսբուքից և այդ հարցում հմուտ էլ չեմ: Վերջերս եմ գրանցվել, ժամանակ առ ժամանակ մտնում եմ և նկարներ եմ նայում»:
Այնուհետև Լիլիթ Կարապետյանը նաև անդրադարձավ մեր այն դիտարկմանը, որ համացանցում հնչում են կարծիքներ, որոնց համաձայն` Աշոտ Աղաբաբյանը սիրահետում է իրեն.
«Ես և եղբայրս 97-98 թվականներից երգում էինք «Արդինի»-ում, առահասարակ, մեր ընտանիքը շատ մտերիմ է Աշոտ Աղաբաբյանի, անգամ նրա քրոջ (Աշոտ Աղաբաբյանի կինը Գալուստ Սահակյանի քույրն է) ընտանիքների հետ: Շատ լավ եմ վերաբերում նման գրառումներին, նույնիսկ ես` որպես կին, չեմ կարողանում գեղեցիկ աղջիկների նկատմամբ անտարբեր անցնել, միշտ հաճոյախոսում եմ, ստացվո՞ւմ է ես էլ եմ սիրահետում նրանց: Ուղղակի մեր ազգն է այդպիսին, միշտ կասկածում են, ամեն ինչի մեջ վատ բան են տեսնում… Թեև ազգի մասին այդպես ասելը սխալ է, դրանք պարզապես անհատներ են, որոնց տեսակն է այդպիսին»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան