▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք չեմ մոռանա դրանց նախարարի լկտի արտահայտությունը.Ականատեսը՝ սումգայիթյան ջարդերի մասին

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ:

«Հավաքված բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ այս ջարդերը ևս նախօրոք պլանավորված են եղել և տեղի է ունեցել հայերի մասսայական, զանգվածային , բռնի տեղահանում: Միայն 1992 թվականի հուլիսի 13-14-ի գիշերը, այսինքն՝ 1 օրում  գյուղերում սպանվել է 330 հայ: Ավաղ, որևէ գործ չկա հարուցված»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Ահազանգ» ՀԿ գործադիր տնօրեն  Ջուլիետա Երեմյանցն էլ ցավ հայտնեց, որ աշխարհն այդպես էլ չդատապարտեց կատարվածը ու հարյուրավոր սպանվածների փոխարեն խոսեց 30 զոհի մասին:

 «Կատարածը 1915 թվականից որդեգրած ցեղասպանական քաղաքականությունն է, ունի նույն ձեռագիրը: Ես Գանձակից եմ, և ցավոք, սումգայիթյան դեպքերի օրերին նույնը կատարվեց նաև այնտեղ: Անջատեցին հոսանքը, հեռախոսը, որպեսզի արտաքին աշխարհի հետ կապ չունենանք ու 15.000 հոգի անսպասելի հարձակվեց մեր քաղաքի վրա, իսկ, թե ինչ կատարվեց, ուղղակի չեմ կարող ասել: Մենք՝ հայերս, համախմբված էինք և կարողացանք ինքնապաշտպանություն կազմակերպել:

Ասեմ, որ ես աշխատում էի դպրոցում, ունենինք դահլիճ, որտեղ ամեն օր Ներքին գործերի նախարարը գալիս ու հակահայկական ժողովներ էր անցկացնում: Մեզ ստիպում էին դիմում գրել Գորբաչովին՝ այն մասին, որ մենք չենք ցանկանում, որպեսզի լուծվի Արցախի հարցը: Ես երբեք չեմ մոռանա դրանց նախարարի՝ ժողովին ասված 2 լկտի արտահայտությունը, որն է՝  «Մենք մեր գեղեցկուհի Ղարաբաղը հայերին չենք տա» և երկրորդը՝  «Ադրբեջանը եղբայրության ակվարիում է»:

Ակվարիում, որտեղ խեղդում են մարդկանց՝ հայ լինելու համար, նրա համար, որ ստեղծել են Ադրբեջանը՝ մշակույթի, արդյունաբերության զարգացման տեսակետից»,-պատմեց  Ջուլիետա Երեմյանցը:

Տիկին Երեմյանցը նեղսրտում է, որ իրենց փախստական են համարում.

«Մենք փախստականներ չենք, բռնագաղթածներ ենք: Մեզ մեր օրրանից դուրս են արել»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին