▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինքնակոչի մեկը չեմ. Գոհար Հովհաննիսյանը՝ իր անվան շուրջ առաջացած աղմուկի մասին

 

«Երգ երգոց» ծրագրի հերթական թողարկման մի հատված, որում ժողովրդական երգչուհի Գոհար Հավհաննիսյանը կատարում է «Պիտի գնանք» հայտնի ազգագրական երգը, կարծես թե զայրացրել է երգի հեղինակ Գուսան Հայկազունուն: Վերջինիս հատկապես դուր չի եկել այն հանգամանքը, որ Գոհար Հովհաննիսյանը փոփոխությունների է ենթարկել երգի խոսքերը, ինչպես նաև վերնագիրը: Այս մասին նա անձամբ գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով տվյալ երգն իր կատարմամբ և շեշտելով, որ հենց այդ տարբերակն է ճիշտ: Այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Գոհար Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Անկեղծ ասած՝ ինքս անակնկալի եմ եկել նրա արձագանքից, քանի որ նա միշտ գնահատել է իմ արվեստը: Անգամ իրեն նվիրված համերգներին եմ ես միշտ ներկա գտնվել»,- ասաց Գոհարը՝ խոսելով երգի խոսքերի մեջ իր կողմից արված փոփոխությունների մասին.

«Որպես այդպիսին՝ փոփոխությունը շատ քիչ է արված, ընդամենը մեկ, երկու տեղ: Խոսքերի փոփոխված տարբերակն ինքս այլ արվեստագետից եմ լսել: Ընդունում եմ՝ գուցե դա իմ սխան էր, երևի թե պետք է կատարեի հենց ճիշտ տարբերակը, բայց շեշտեմ, որ իմաստային առումով այն ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Իսկ ինչ վերաբերում է վերնագրին, ապա եթե օրիգինալ տարբերակը «Պիտի գնանք» է, ես այն ներկայացրել եմ «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք» ձևով»,- մեկնաբանեց երգչուհին:

Երգի գործիքավորման հետ կապված՝ վերջինս նշեց, որ այդ հարցում ևս էական փոփոխություն չի կատարվել, պարազապես նա նոր շունչ է հաղորդել տվյալ երգին.

«Երգել եմ դուդուկի և դհոլի կատարմամբ, ոչ մի էստրադային գործիք չեմ օգտագործել: Դիտելով տեսանյութը՝ հասկացող մարդը միանգամից կտեսնի, որ ես երգը կատարել եմ մաքրամաքուր: Ինքս շատ բծախնդիր եմ, որևէ նոր բան ներկայացնելուց առաջ ես մի քանի ամիս առաջ եմ սկսում այն ուսումնասիրել, ինչպես ընդունված է ասել «մարսել» և իմ ձևով ներկայացնել: Ես ինքնակոչի մեկը չեմ, որ վերցնեմ և փոխեմ որևէ աշուղի կամ գուսանի երգը: Համաձայն չեմ այն քննադատությունների հետ, որոնք որ վերաբերում են իմ կատարողական արվեստին»,- նշեց Գոհար Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ինքն ու Գուսան Հայկազունը մտերիմներ են, որևէ խնդիր նրանց հարաբերություններում չկա.

«Տեսնելով Գուսան Հայկազունու տվյալ գրառումը՝ անձամբ զանգահարեցի և խոսեցի նրա հետ: Ես իրեն պարզապես ասացի, որ այդ ամենը նա կարող էր ինձ ասել, այլ ոչ թե ֆեյսբուքյան էջի միջոցով այսպես աղմուկ բարձրացնել»,- պատմեց Գոհարը՝ հավելելով.

«Այսօր այս երգը մի շարք կատարողներ տարբեր ձևերով են մատուցում: Անուններ չեմ նշում, բայց իսկապես կան տարբերակներ, որոնք կոնկրետ աղավաղված են, բառերից ես միայն հասկանում, որ տվյալ երգի մասին է խոսքը: Ավելի լուրջ կլիներ բարձրացնել հենց այդ խնդիրը, այլ ոչ թե՝ իմ կատարումը: Այսօր շատ հեղինակներ կան, որոնք երգեր են գրում, որոնք ոչ ոք չի կատարում և որոնք մնում են իրենց երգադարանում: Իսկ ես միշտ մեծարել եմ Գուսան Հայկազունուն և նրա երգերը՝  մի շարք բեմերից ներկայացնելով դրանք»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Հովհաննիսյանը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին