ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, այս օրերին որոշ միավորներ մեդիա արշավ են սկսել իմ դեմ։ Մասնավորապես` նպատակն այն է, որ ինձ վերագրեն ինչ-որ ֆեյքերի բանակներ, որոնք մե՛կ զինվորի ծնողներին են վիրավորում, մե՛կ քույրերին, մե՛կ արվեստագետներին են վիրավորում։
Հաջորդ թեզն այն է, որ ես իբր անասելի հարստացել եմ, և մեկ ես հողատարածք ունեմ Վահագնի թաղամասում, մեկ ինձ է պատկանում Դավթաշենում հողատարածք, հետո Ջրվեժում, իսկ ունեցածս Ռենջ Ռովերների քանակն արդեն հաշվելը դժվար է։ Ի դեպ ամբողջ այդ ունեցվածքը ես իբր գնել եմ պատերազմից մեկ օր առաջ, կամ հենց պատերազմի ժամանակ, կամ հիմա անընդհատ գնում եմ։ Եվ ուրեմն, հարգելի հայրենակիցներ, հասկանալով, որ դաշտում ապատեղեկատվության քանակն այնքան է, որ արդեն դժվար է տարբերել թացը չորից` տեղեկացնեմ Ձեզ, որ ես ոչ մի ֆեյքերի բանակ չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ պատրաստվում ունենալ։ Համարում եմ դա անպատվաբեր և անօգուտ զբաղմունք ինձ համար։ Սեփական անկարողությունը և անհաջողություններն ուրիշների թվացյալ բանակների վրա վերագրելը կամ դրանով ինձ զրպարտելը, ատելություն սերմանելն ուղղակի անիմաստ գործողություններ են։
Ինչ վերաբերում է իմ ունեցվածքի մասին հեքիաթներին. Ես ունեմ ընդամենը մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և մեծ վարկ բանկում այդ բնակարանի համար։ Իսկ տան համար կա մեկ HUNDAI ix35 մակնիշի 2014 թվականի ավտոմեքենա, որը վարում է կինս։ Իմ և իմ ընտանիքի ունեցվածքը կա, եղել է ու լինելու է հայտարարագրում։ Իմ ընկերների, ընտանիքի անդամների, իրանց ծանոթների ու բարեկամների ունեցվածքն ինձ վերագրելը և դրանից վերնագիր ստանալը նույնպես անօգուտ է մնալու։ Ստեղծված իրավիճակում Հայաստանում ատելություն, լարվածություն, մեկը մյուսի նկատմամբ թշնամանք սերմանելը համարում եմ անընդունելի և ուղղված Հայաստանի և Արցախի անվտանգության դեմ։ Կոչ եմ անում չտրվել ապատեղեկատվությանը, չտարածել դրանք։
Շնորհակալություն և համբերություն բոլորիս»: