Երեկ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իմացել է, որ պատերազմ է լինելու ու այդ մասին ժամանակին տեղյակ է պահել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Անվտանգության խորհրդին: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:
«Նա նաև ասաց, որ պատերազմի սկսվելուց 3-4 օր հետո հայտնի է դարձել, որ ռազմաճակատում իրավիճակն աղետալի անբարենպաստ է, ինչի մասին վարչապետին զեկուցել են ինքը, Օնիկ Գասպարյանն ու Դավիթ Տոնոյանը: Կոնսենսուս է եղել, որ պատերազմը պետք է կանգնեցնել»,-հավելում է Մինասյանը:
Համբարձումյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը մանրամասն ինֆորմացված է եղել, ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին և իրենք չենք հասկացել, թե ինչու նա քայլեր չի ձեռնարկում պատերազմը կանգնեցնելու համար. «Կապիտուլյացիայից հետո մենք իմացել ենք, որ հոկտեմբերի 20-ին, ռուսական կողմը խաղաղության մասին առաջարկություն է արել, որից Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է»,-Համբարձումյանի խոսքերն է մեջբերում Մինասյանը:
«Անկախ Համբարձումյանի անձի նկատմամբ իմ վերաբերմունքից, հարցազրույցը շատ խորն է, կարևոր ու կիրթ: Նա արդեն երրորդ բարձրաստիճան սպան է Մովսես Հակոբյանից ու Օնիկ Գասպարյանից հետո, ով լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա»,-գրում է Մինասյանը: