▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մի քիչ էլ առաջ գայինք, Ադրբեջանի ժողովուրդն Ալիևին իրենց հրապարակներում կկախեր

 

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վաղը կայանալիք պաշտոնական այցի նախօրեին նրա կողմից Երևան բերվող հնարավոր առաջարկների ու ուղերձների համատեքստում մեզ հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն անդրադառնում է հարցին, թե Արցախում ինչ տրամադրություններ են, քաղաքացիներն ու քաղաքական իշխանությունները փոխզիջումային ինչ եզրեր են տեսնում:

 

-Վերջին օրերս անընդհատ խոսվում է այն մասին, որ վաղը Հայաստան ժամանող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այստեղ է գալու ՌԴ նախագահի ծրագրով, որը ենթադրում է ՄԽ-ում ՌԴ ակտիվացում, տարածքների վերադարձ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող կետեր: Այս համատեքստում կարո՞ղ եք ասել, թե Արցախումն այս առումով ինչ տրամադրություններ կան մարդկանց, քաղաքական ուժերի, զինվորականության շրջանում: Այս պահին ի՞նչ հնարավոր փոխզիջումների հնարավորություններ են տեսնում:


-Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը նոր փաթեթ կարող է բերել, որովհետև, որքանով ես եմ տեղյակ, կան Մադրիդյան սկզբունքներ և Կազանի սկզբունքներ, որոնք ոնց որ թե պետք է դառնան բանակցությունների անկյունաքարը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ժողովուրդ, թե քաղաքական իշխանություն, թե բանակ, անկեղծ ասած, ոչ ոք դրան կողմնակից չէ: Մարդկային առումով: Սա իմ պատասխանն է, եթե ուզում եք իմանալ:

 

-Հասկանալի է, բայց կա՞ ինչ-որ մի սահման, հնարավորություն փոխզիջման, որ Արցախում դիտարկվում է:

- Չգիտեմ… թող Լավրովը գա, ես այդ խոհանոցին լավ տեղյակ չեմ, կներեք, որտեղի՞ց իմանամ` Լավրովն ինչ ծրագրով է գալիս:

-Այսօր մեր մամուլում, հղում անելով ինչ-ինչ դիվանագիտական աղբյուրների, նշվում, որ Ռուսաստանի միջնորդական դերի ակտիվացմամբ, Ռուսաստանը, նշված ծրագրի շրջանակներում նախատեսում է Ադրբեջանին դարձնել ԵՏՄ անդամ,իսկ ԼՂ-ին` նույն միության մեջ դիտորդի կարգավիճակ տալ: Այսինքն, որ հակամարտության բոլոր 3 կողմերը լինեն «մեկ կաթսայում»` ԵՏՄ, այսպես ասած, «հովանու ներքո»։

 

-Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կմտնի ԵՏՄ: Ադրբեջանը էդ քայլին չի գնա…

-Ինչո՞ւ չի գնա:

-Որովհետև Ադրբեջանին ձեռնտու չէ այս պահին, որովհետև դրանով Ադրբեջանը կզրկվի շատ ու շատ բաներից և անկախ գործելակերպից: Երկրորդ՝ չեմ կարծում, որ Թուրքիան իրեն թույլ տա այդ քայլին գնալ: Դա իմ անձնական կարծիքն է: Կապրենք, կտեսնենք, մեկ է՝ շուտով կերևա՝ ինչ առաջարկներ են բերում։ Բայց ես միշտ ասել եմ, ասում եմ՝ Ղարաբաղը լինելու է անկախ հանրապետություն: Եվ, ի վերջո, մենք մեր նպատակին հասնելու ենք: Ղարաբաղը աշխարհի անկյունաքարն է, որի վրա շատ-շատերը փշրվելու են:

 

-Սրբազան, շատ է խոսվում այն մասին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որ ինչ-որ մի փուլում Ստեփանակերտը լինելու է բանակցային սեղանի անդամ: Ըստ Ձեզ՝ այս փուլում Ստեփանակերտը կարո՞ղ է նստել սեղանի շուրջ. անհրաժեշտության մասին շատ է խոսվել, բայց լինելո՞ւ է, թե ոչ:

 

-Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ Ադրբեջանը դրան համաձայնի, թեև դա մեր բոլորիս ձգտումն է: Բայց դե Ադրբեջանի պարագայում հույս չունեմ:

 

-Այս ընթացքում շատ խոսվեց քառօրյա պատերազմի դասերից: Արցախում և՞ս վերլուծում եք, որ ինչ-որ բան այն չէր, որ պետք էր ավելի ուժեղ լինել տեղում։ Նկատի չունեմ՝ ռազմական գործողությունների ժամանակ, այլ որ ավելի շատ բնակեցված լինեին Հայաստանն ու Արցախը, ավելի քիչ մարդ արտագաղթած:

 

-Ես կարծում եմ՝ ամեն ինչ շատ տեղին ու ճիշտ էր: Նայեք. եթե ողջ սահմանով մեկ հանկարծակի հարձակվում են, միշտ նախաձեռնությունն ու օգուտը լինում է նրա կողմը, ով հանկարծակի հարձակվում է: Բայց դա իրենց չհաջողվեց: Պատկերացրեք՝ ես և Դուք կանգնած ենք փողոցում, և ես հանկարծ Ձեզ ապտակում եմ։ Չե՞ք սպասում, չէ այդ հարվածին: Բայց, կրկնում եմ, Ադրբեջանի այդ ծրագիրը առաջին գծում տապալվեց մեր հերոս տղաների շնորհիվ, որոնք ասես խեղդամահ արեցին իրենց առաջանցումը: Իրենք ահավոր զոհեր տվեցին, իրենց ծրագիրը ձախողվեց: Մենք պիտի արդեն անցնենք հակահարվածի, և Իլhամ Ալիևը դա տեսնում էր, բայց Մոսկվայում զինադադար եղավ: Բայց եթե մենք մի քիչ էլ առաջ գայինք, Ադրբեջանի ժողովուրդը նրան իրենց հրապարակներում կկախեր: Դրա համար ինքը իր կաշին փրկեց: Այնպես որ, կարծում եմ, մեր բանակը ամեն ինչ տեղը տեղին արեց:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին