«Հրապարակ»-ը գրում է․ «Մեկ ամիս առաջ իրավապահներն Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել էին քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանին՝ Պիստ Արմենին, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու հոդվածով, այսինքն՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը, նա տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ: Բացի նրանից, ձերբակալվել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Երրորդմասցի Անդուլիկը։
Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Ի-ին (Պիստ Արմեն) դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։ Բացի վերը նշված մեղադրանքից, Պիստ Արմենը մեղադրվում է նաև շանտաժով և սպառնալիքով առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար։
Մեր տեղեկություններով՝ քրեական հեղինակության խափանման միջոցը վերջերս փոխվել է տնային կալանքի՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։ Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն օրենքով գողերին, քրեական հեղինակություններին փորձում է իրենով անել՝ վախեցնել քրեական վարույթներով ու ստիպել, որ աշխատեն իր օգտին։ Թիրախում են հատկապես հայտնի «ավտարիտետները»։ Պարբերաբար բռնում՝ բաց են թողնում օրենքով գող Զապին, նրա շրջապատի անձանց։ Նախորդ ամիս գրել էինք, որ հերթը հասել է օրենքով գող եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել էր «գողականի» ստատուսի համար և ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր կալանքի միջնորդությունը և նրան ազատ արձակել նիստերի դահլիճից»։


