Ֆեյսբուքյան օգտատեր Սիլվա Գևորգյանը գրել է.

«Ի լուր ամբողջ հայ ժողովրդի և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի. եղբայրս` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ, դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից:
Երկու օր սպասում էին անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը այն դեպքում, երբ թեստի դրական պատասխաններն արդեն ստացվել էին` եղբորս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Հաշվի առնելով ուղեկցող մի շարք հիվանդությունները՝ նրան շտապ տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն:
Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ՝ ինչի են սպասում: Մի՞թե հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումն անմիջապես չեն սկսում: Բժշկական կենտրոնը կառավարության կողմից ամեն ինչով ապահովված ու հագեցած է, իսկ բժիշկները դեռ սպասում էին:
Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10 տոկոս ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին Ռեգինա հյուրանոց, որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ», քանի որ հիվանդությունը սրվում էր: Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը` բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով ավելի սրվեց և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հետևանքը արդեն գիտեք…:
Պարոն վարչապետ, ես խնդրում եմ հետևողական լինել և ստուգել, թե ինչպես են ձեր ուշադրությունը «փոխանցում» հիվանդին, խնդրում եմ բոլորին տարածել, որպեսզի բոլորին հասնի, որպեսզի վարչապետին հասնի: Առողջ եղեք, հոգ տարեք ձեր հարազատների մասին և պահեք հիվանդության տարածման բոլոր կանխարգելման կանոնները…»:


