ՎԵՏՕ շարժման ներկայացուցիչ Հերմինե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ պարզաբանելով իրենց կողմից բացահայտված «ֆեյքերի ֆաբրիկայում» տեղի ունեցածը, որը ներկայացրել էր նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի ընկերներ, ներողություն եմ խնդրում ուղիղ եթերիս հաջորդած լռության համար։ Էմոցիոնալ վերականգնվելու կարիք ունեի։
Շատերի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ցանկանում եմ միանգամից այս գրառումով տալ։
Որոշ «միամիտներ», մեզ իրենցից ավելի «միամիտների» տեղ դնելով, ամենայն լրջությամբ ինձ տեղեկացնում են, որ դա Ինգոյի գրասենյակն է, և մենք սխալ տեղ էինք գնացել։
Հարգելիներս, մենք նոր չենք պարզել այդ գրասենյակի տեղը՝ շատ լավ գիտեինք, թե ուր ենք գնում, հայերեն էլ գրել-կարդալ գիտենք, գիտեինք, որ դա Ինգոյի գրասենյակի կիսանկուղային հարկն է։
Մեր ներս մտնելուն պես ֆեյք ֆաբրիկայի աշխատակիցները սկսեցին արագ փակել ֆեյսբուքյան հաշիվների լոգինի տվյալներով excel ֆայլերը՝ բաց թողնելով միայն Ինգոյի հաճախորդների տվյալներն ու lock անել համակարգիչները։
Ինչպես տեսանյութում պարզ երևում է՝ ֆեյք ֆաբրիկայի աշխատակիցներն ամբողջ ընթացքում կամ գլխիկոր և լուռ փորձում էին խուսափել որևէ բացատրություն տալուց, կամ լկտի ու ցինիկ դեմքերով ժպտում էին տեսախցիկներին։
Սա իշխանական ֆեյք ֆաբրիկայի ընդամենը մի գրասենյակն էր։ Իսկ այդպիսի ֆեյք աշխատեցնող գրասենյակներ Երևան քաղաքում շուրջ երկու տասնյակն են։
Մենք հետևողական ենք լինելու այս հարցում, գնալու ենք մինչև վերջ ու բացահայտելու ենք բոլորին առաջիկայում։
Հ.Գ. Զավեշտն այն է, որ հենց այս պահին իմ ու ընկերներիս էջերն ու մեր տեսանյութերը տարածած լրատվականների հրապարակումները գտնվում են ֆեյքերի գրոհի տակ, որոնք ջանասիրաբար պաշտպանում են տեսանյութի աղջիկներին ու Ինգո Արմենիա կազմակերպությանը։
Հ.Հ.Գ. Շնորհակալ եմ բազմաթիվ բարի ու սատարող խոսքերի համար։ Խոստանում եմ, որ բոլորիդ հատ-հատ կպատասխանեմ ավելի ուշ՝ այս պահին պարզապես ֆիզիկապես չեմ հասցնում։ Ուղղակի կխնդրեմ տարածել մեր տեսանյութերը»:
Ստորև ներկայացնում ենք նաև մյուս կողմի արձագանքը․
«Հարգելի՛ հետևորդներ,
Հայտնում ենք, որ 13․11․2020թ֊ին, ժամը 17։30֊ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 38 հասցեում գտնվող գրասենյակ, շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին, նրանց անհիմն մեղադրելով որպես համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածողների։
Ավելին, նույն անձինք իրենց խուլիգանական գործողությունները նկարահանել և տարածել են համացանցում։
Անհայտ անձանց վերոշարադրյալ գործողությունների ընթացքում մեծ վնաս է հասցվել Ընկերության համբավին, իսկ աշխատակիցներին հասցվել է ծանր բարոյահոգեբանական վնաս, ինչի արդյունքում մինչ այժմ խաթարված է գրասենյակի բնականոն աշխատանքը և Ընկերությունը կրում է ֆինանսական վնասներ։
Նշված գրասենյակը հանդիսանում է Ընկերության սեփականությունը և այնտեղ բացառապես ծավալվում է ապահովագրական գործունեություն և անհեթեթ է անգամ արդարանալ, թե այդ աշխատակիցները զինվորների կամ որևէ մեկին հայհոյանքներ տարածելով են զբաղված։
Ներկայումս Ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար:


