▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսական ընկերության տնօրենը ձեռքերով հարվածել է քաղաքացուն, ապա ատրճանակով կրակել է ձախ աչքին

2020թ. հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ֆինանսական ընկերությունում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ընկերության տնօրենը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև՝ ընկերության մուտքի դիմաց ատրճանակով կրակել է իր ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:



Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրենը ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ինքնակամ ներկայացրել գազային ատրճանակը:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 53-ամյա տղամարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ նկատի ունենալով օրգանի ֆունկցիայի կորուստը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով 53-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Ընկերության տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին