Այսօր՝ հուլիսի 2-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը:

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել և դատարան դեռ չէր հասել, քանի որ նիստը կարճ ժամկետում էր նշանակվել.
«Ուստի հնարավոր չէր այս պահին նիստը շարունակել, որևէ քննություն, ըստ էության, տեղի չունեցավ»:
Իսկ պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ ասաց, որ մեղադրանքի կողմը ևս իրենց բողոքներին ծանոթ չէր, դրանք չէր ստացել.
«Մենք ճշտեցինք, որ փոստից արդեն դուրս է եկել, բայց նրանց դեռ չի հասել, բնականաբար, ժամանակ է պետք ծանոթանալու համար»:
Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:


