▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սողոմոնյան ֆեյքը վերադարձե՞լ է

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս «Հրապարակ» օրաթերթում տպագրվեց Միքայել Մինասյանի հոդվածը  դավադրությունների տեսությունների մասին։ Հոդվածի մեջ ոչ մի արտառոց բան հանրությունը չէր տեսնի, եթե չլինեին դրան նախորդած և հաջորդած մի քանի դրվագներ: 
Հոդվածից մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերությունը ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական գործերի մասին, որտեղ հպանցիկ նշված էր Մինասյանի երբեմնի գործընկերների կալանավորման փաստը, իսկ քննիչը մեղադրական դատավճիռ էր կարդում՝ չնայած դատարանի որոշում դեռ չկա: 

Ինչքան էլ պարոն Մինասյանը դեմ լինի դավադրությունների տեսություններին, հայտնի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2021 թվականից ի վեր «հրադադար» էր հայտարարել եւ «մոռացել» Մինասյանի ու նրա ընկերների մասին։ Գուցե՝ ինչ որ պայմանավորվածությամբ, ըստ որի՝ Մինասյանի ընկերները և շրջապատը չեն ենթարկվելու քրեական հետապնդման, եթե վերջինս հավերժ հեռանա Հայաստանի քաղաքական դաշտից և դադարեցնի իրեն պատկանող լրատվամիջոցների աշխատանքը: Գուցե նաեւ հենց այս պայմանավորվածությունների շրջանակում փակվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: 

Ստացվում է, որ 3 տարի անց այդ պայմանավորվածությունները դադարել են գործելուց և իշխանությունը հանել է հեռու դարակներում պահված քրեական գործը, թափ տվել վրայի փոշին ու դրա շրջանակներում անգամ մարդկանց է կալանավորել: Միքայել Մինասյանն էլ իր հերթին է խախտել երկարատև լռության ուխտը և հոդված գրել: Բայց կա ևս մի հետաքրքիր դրվագ. այդ հոդվածի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանությունների հատվածում հայտնվել է մի գրառում, առաջին հայացքից այդ տեքստը կասկածներ չի թողնում, որ այն արված է շատ լավատեղյակ մարդու կողմից, ով ծանոթ է խոհանոցին եւ մանրամասներ է պատմում, որոնք կողքի մարդկանց ոչ մի կերպ չէին կարող հայտնի դառնալ: Ֆեյք էջը բացվել է օգոստոսի սկզբին, հենց այդ ժամանակ տեղի են ունեցել Մինասյանի գործով հարցաքննությունները և նրա մերձավորների կալանավորումները, էջն ունի ընդամենը 670 ընկեր և էջի հրապարակումների վրա դրված է «միայն ընկերների համար» սահմանափակումը: 

Հաջորդ հետաքրքիր փաստը՝ այդ էջի ընկերանալու հայտը ընդունել են քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ղեկավարներ, տարբեր ֆեյքեր: Էջը օգոստոսի 11-ին սկսել է գրառումների շարք, որոնք վերաբերում են իշխանափոխության ժամանակ` 2018-ին տեղի ունեցած իրադարձություններին: Ֆեյքը բավականին սուր որակումներով ներկայացնում է, թե ինչ է կատարվել այդ օրերին, ընդ որում թիրախավորվում են գրեթե բոլոր քաղաքական գործիչները, բացի Սերժ Սարգսյանից: Այդ գրառումները փակ են ոչ ընկերների համար: Արդեն իսկ հրապարակվել է 5 մաս: Վերջին գրառման մեջ նշվում է, որ մնացել է 2 մաս, նաև անոնսվում է տելեգրամյան ալիքի մոտալուտ բացման մասին, որը կլինի հասանելի ավելի լայն լսարանին: 

Հարց է ծագում՝ արդյո՞ք Գագիկ Սողոմոնյան ֆեյքը վերադառնում է և արդյո՞ք շարունակվելու է բացահայտումների շարքը, որոնք անում էր հայտնի ֆեյքը եւ որոնք այնքան էին անհանգստացրել Փաշինյանին, որ «Գագիկ Սողոմոնյանի» դեմ գործ էին հարուցել եւ Միքայել Մինասյանի ընկերներից ոմանց անգամ կալանավորել: Հետագայում գործը կարճվեց, որովհետեւ պարզվեց` կալանավորվածները կապ չունեին «Գագիկ Սողոմոնյանի» հետ: 

Վերադառնալով նոր ֆեյքի գրառումներին. այս հրապարակումները, ըստ ամենայնի, հող են պատրաստում հետագա քաղաքական գործընթացների համար, կամ նպատակ են հետապնդում ընդդիմադիր դաշտը մաքրել Նիկոլի հետ համագործակցած ուժերից: Կարծում եմ՝ մոտ ապագայում պարզ կլինի:

ՀԳ․ Ֆեյքի կատարած գրառումները չենք ներառում այս նյութում, քանի որ հայհոյանքները անցնում են էթիկայի բոլոր սահմանները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին