▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազատարների փողերը կերել են, գազն էլ չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի զեկույցի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել էր մոտ երկու տասնյակ ուղղություններով քննություն անցկացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես քրեական գործ է հարուցվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՈԱԿ-ի գործունեության հետ կապված` գազաֆիկացման շինարարական աշխատանքներում թույլ տված խախտումների մասով: Այս ծրագրին մենք անդրադարձել էինք: Վարկային միջոցներով դեռեւս 2012-ին Արագածոտնի մարզի 12 գյուղեր փաստաթղթերով գազաֆիկացվել են, սակայն բնակիչները մինչ օրս գազ չունեն: Ի դեպ, ՎՊ զեկույցը դեռեւս այս տարվա ապրիլից ընդգրկված է ՀՀ Աժ-ի օրակարգում, իսկ թե երբ այն կքննարկվի, դեռեւս հայտնի չէ: Առաջիկա քառօրյայում այն դժվար թե քննարկվի: Իսկ գարնանային նստաշրջանի օրակարգ տեղափոխվելու դեպքում զավեշտ կստացվի, քանի որ այդ ժամանակ արդեն ԱԺ-ն կստանա ՎՊ-ի հաջորդ՝ 2014-ի գործունեության զեկույցը:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև.

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՓՈՂԸ ԿԵՐԵԼ ԵՆ, ԳԱԶՆ ԷԼ ՉԿԱ

2014թ. վերջին ամիսն է, իսկ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013թ հաշվետվության արդյունքները թեեւ գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, սակայն դեռ դրա քննարկման համար հստակ ժամանակ որոշված էլ չէ: Բայց միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով ՎՊ հաշվետվության մեջ տեղ գտած չարաշահումների փաստերը դարձել են քրեական գործերի հիմքեր: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ գործ է հարուցվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության, մասնավորապես՝ գազաֆիկացման շինաշխատանքներում թույլ տված խախտումների մասով:

 

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 13-ին գրել էր, որ ՎՊ բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու կասկածով քրեական գործեր է հարուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ: Տեղեկացանք, որ քննության շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են շուրջ 70 անձինք, որոնց թվում եղել են նաեւ գերատեսչությունների եւ պետական հիմնարկների ինչպես շարքային աշխատակիցներ, այնպես էլ՝ ղեկավարներ: Հարցաքննվել են նաեւ պետական պատվերով շինարարական աշխատանքներ իրականացրած, պետգնումներով ապրանքներ մատակարարած եւ պետական մարմիններին տարբեր կարգի ծառայություններ մատուցած ընկերությունների տնօրենները եւ աշխատակիցները: Քննության ընթացքում գերատեսչություններից եւ պետական հիմնարկներից առգրավվել են վերահսկիչ պալատի կողմից ուշադրության արժանացած գործարքների փաստաթղթերը, իրականացվել են տեղազննություններ պետպատվերով իրականացված շինարարություններում՝ դրանց իրական ծավալներն արձանագրելու եւ գնահատելու նպատակով:

Հրապարակումից երկու շաբաթ անց «Ժողովուրդ»-ը առայժմ կարողացավ պարզել, թե վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում որ ընկերության չարաշահումների փաստի առթիվ է հարուցվել քրեական գործ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության, մասնավորապես՝ գազաֆիկացման շինաշխատանքներում  թույլ տված խախտումների մասով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս գործի շրջանակներում էլ հարցաքննվել են 7 մարդ, եւ մի շարք փաստաթղթեր արդեն առգրավվել են:

Հիշեցնենք, որ 2013թ. վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում բացահայտվել էին, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում կոռուպցիոն ռիսկեր կան: Թեեւ փաստաթղթերում գրված էր, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է եղել բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31 մլն ԱՄՆ դոլար, սակայն Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների ¥հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ¤ իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ ԲԸ (Ֆրանսիա) - Բլեսկ ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ՝ համապատասխանաբար 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով:

ՀՀ ՎՊ-ն գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգել է 7 համայնքում կատարված աշխատանքները եւ բացահայտել, որ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար թեեւ 613.3 մլն դրամ գումար է ծախսվել, սակայն աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել: Պատճառն այն է, որ գազատարները փտած վիճակում են եղել, ինչի համար էլ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Այսինքն՝ վերը նշված ընկերությունները վերցրել են պետության փողերը, փաստաթղթերով ցույց են տվել, թե գազատար են անցկացրել գյուղացիների համար, բայց իրականում փտած խողովակներ են փռել համայնքներում՝ յուրացնելով գումարը: Իսկ թե ովքեր են այս ընկերությունների սեփականատերերը, կփորձենք պարզել առաջիկայում: Հավելենք, որ միայն գազատարների շինարարության վրա ծախսվել 147.6 մլն դրամ:

Հուսանք, որ այս անգամ եւս հարուցված քրեական գործը չի ավարտվի ներողամտությամբ, եւ պետությանը հասցված վնասները փոխհատուցելուց հետո ընկերությունների սեփականատերերը չեն շարունակի «շվշվացնելով» շրջել:

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին