Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների նկատմամբ դատավարությունները: Դրան զուգահեռ Բաքուն ժամանակ առ ժամանակ Երևանին է փոխանցում հայ գերիների՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց: Վերջին մեկ ամսում Հայաստան է վերադարձվել 30 գերի, ինչի դիմաց հայկական կողմն Ադրեջանին է փոխանցել Աղդամի, Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Չնայած վերջին շրջանում հայ գերիների վերադարձի հարցում դրական միտումներին՝ նրանց հարազատները Հայաստանում գտնվում են խոցելի վիճակում: Իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով նրանք պարբերաբար իրականացնում են բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց, փակում մայրուղիներ՝ այսպիսով փորձելով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Գերիների ու անհետ կորածների հարազատները ապրիլ ամսին գնացին կոշտ քայլի՝ 30 ժամից ավել արգելափակեցին Պաշտպանության նախարարության մուտքերը: Ակցիան ավարտվեց Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումով, որը ծնողներին չբավարարեց: Նրանք պնդում էին՝ իրենց հարցերի պատասխանները չեն ստացել։ Իրավապաշտպանները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պնդում են, որ Հայաստանի կառավարությունը պետք է շատ ակտիվ գործի, միջոցներ ձեռնարկի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցում՝ մշապես աշխատելով միջազգային կառույցների հետ, ինչպես նաև հարուցելով պատերազմական հանցագործությունների մասով համապատասխան իրավական ընթացակարգեր:
Ադրբեջանում հայ գերիների իրավունքերի պաշտպանության, միջազգային կառույցներում գերիների խնդիրը բարձրաձայելու, նրանց հարազատների հետ պետական մարմինների աշխատանքի և, ի վերջո, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած աշխատանքին անդրադարնանք հուլիսի 6-ին, տեսակապի միջոցով «Հոդված 3» ակումբի նախատեսած «Ի՞նչ քայեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկման ժամանակ:


