▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցիկ է մարդկությունը այն չափով, որքան անհավասար է

Կյանքը մի սանդուղք է, որի վերջին աստիճանին հասնելու համար անպատճառ պիտի կոխես ցածի աստիճանները։ Հավասարության դեպքում առաջին անգամ աշխարհից կչքանա սանդուղքը կամ գետին կպառկի, զրկելով մարդկությանը ամեն տեսակի վերելքներից։
Ժամացույցը որպեսզի ժամանակ ցույց տա, պետք է նրա մեկ սլաքը երկար լինի, մյուսը՝ կարճ, հավասարության պարագային ժամանակի գաղափարը կկորչի։

Ինչո՞ւ ամբողջ աշխարհի ընտիր հասարակությունը ամառներն ինքզինքը Շվեյցարիա է ձգում։ Ինչո՞ւ չի գնում Սահարա։

Որովհետև Շվեյցարիայում ամեն քայլափոխին նոր տեսարան է բացվում առջևդ՝ մեկը մյոսին չնմանող։

Այն մարդը, որ ձգտում է բնության բազմազանությանը, ինչո՞ւ չպիտի ձգտի հասարակական կյանքի, դիրքի, ձգտումների, կրոնների, աշխարհայացքների բազմազանության։

Նախապատմական մարդը, որ հում միս էր ուտում և գազանի մորթի հագնում, զգո՞ւմ էր իրեն դժբախտ։ Ո՛չ։ Իսկ ներկա դարու աղքատը, որ հաց ու պանիր է ուտում թեյի ժամանակ և փափուկ, տաք բամբակյա բաճկոն է հագնում, դժբախտ է զգում իրեն, որովհետև կան հարուստ մարդիկ, որոնք իրենց սեղաններին բազմազան խմորեղեններ ունեն և կերպաս են հագնում։

Այո՛, աղքատը պետք է դժբախտ զգա իրեն, որ առավոտը շուտ անցնի գործի, աշխատի հասնել երջանիկ հարուստին։

Իսկ եթե աշխարհում բոլորը խմորեղեն ուտեն, արդյո՞ք երջանիկ կլինեն։ Ո՛չ։

Երջանկությունը միա՛յն իր ընկերոջից առաջ անցնելն է։ Երջանկությունը կանգնած գաղափար չէ, նա շարժուն է, քայլող և, անգամ, վազող։

Գեղեցիկ է մարդկությունը այն չափով, որքան անհավասար է, որքան կարճ ու երկար է, որքան գեղեցիկ–տգեղ է, որքան խելոք-հիմար է, որքան հարուստ-աղքատ է, որքան լայնսիրտ-նեղսիրտ է, որքան բարի ու չար է, որքան ազնիվ ու անազնիվ է, որքան լուսավոր ու տգետ է, որքան երեխա ու ծեր է, որքան տղա ու աղջիկ է, որքան հայ ու թուրք է։


Լեռ Կամսար «Կարմիր օրեր»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին