«Լուրն ապշահար արեց ինձ և իմ գործընկերներին: Այս պահին տեղեկություններս այնքան են, ինչքան գրված է մամուլում: Ուզում եմ ցավակցությունս հայտնել բարեկամներին, հարազատներին: Վստահ եմ, որ մոտ ապագայում կիմանանք գործի մանրամասները»:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանը:
Հարցին, թե Կուտոյանի մահվան դեպքը որքանով կարող է կապ ունենալ նրա զբաղեցրած նախկին պաշտոնի հետ, Սիմոնյանը պատասխանեց.
«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, նա առաջին հերթին մարդ է: Չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է ԱԱԾ տնօրեն եղել, և այնպիսի բեռ է իր ուսերին կրել, որի համար նման բան կաներ ինքնասպանություն, թե սպանություն, ես իրոք չեմ կարող մեկնաբանել հիմա»:
Դիտարկմանը, որ միգուցե կատարվածն ահազանգ է իշխանությանը, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Գուցե նախկինի արձագանքն է, որ երբեմն էսպիսի տեսքով է հասնում մեր ականջին: Ցավալի արձագանք է, կարծում եմ՝ հետևություններ պիտի անենք»:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: