▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե պարզե՞ին՝ որքանո՞վ է հանրությունը վստահում Փաշինյանի հետ գործակցած Թանդիլյանին

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու առաջադրված  Մանե Թանդիլյանի մասին, որ ժամանակից շատ շուտ իր ակտիվ քարոզարշավն է սկսել ու անդադար գրառումներ է անում՝ ընդհուպ  մինչև գեղանկարիչ  Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը շնորհավորելով, օրեր առաջ դիպուկ մեկնաբանություն արեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով․ «Տիկին Թանդիլյան, ես ուզում եմ Anmal Planet նայեմ, բայց Ձեր դեմքն եմ տեսնում․․․»։

Էդմոն Մարուքյանի նախկին կուսակցի մասին մենք հարցում ենք անցկացնում Asekose.am-ի յութուբյան ալիքում և պարզվում է, որ պատասխանողներից ոմանք  կարծում են, որ Մանե Թանդիլյանը նախկինում եղել է ոչ թե ԼՀԿ-ական, այլ՝ ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական, մի զգալի  մասն էլ կարծում է, որ նա եղել է ՔՊ-ական։

Այստեղ տեղին է հիշել Փաստինֆո-ի վերլուծությունն , ըստ որի  «Ապրելու երկիր»-ը գուցե պարզե՞ր՝ որքանով է հանրությունը վստահում Նիկոլ Փաշինյանի հետ գործակցած Մանե Թանդիլյանին, որը կարող է հավակնել Հայաստանի «ամենասկզբունքային» քաղաքական գործիչ տիտղոսին։

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հանրությանը մեծ հաշվով հայտնի դառնալով որպես «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստ, 2018 թվականին ստանձնելով Փաշինյանի կառավարության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ Մանե Թանդիլյանը պաշտոնավարաման առաջին օրը խոսելով պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին՝ ասել էր, թե պետք է այնպես անենք, որ պետությունը վնաս չկրի. Մանե Թանդիլյանը փաստորեն հակասեց ակտիվիստ Թանդիլյանին կամ անձի երկվություն ունի։

Սկզբունքային քաղաքական գործիչ Մանե Թանդիլյանը 2020 թվականի օգոստոսին հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի կազմից դուրս գալու մասին։ Թանդիլյանն իր այս որոշումը պայմանավորեց առողջական խնդիրներով, որոնք իր ասելով համատեղելի չէին ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Այս հայտարարությունից հետո ընդամենը երկու ամիս անց՝ սեպտեմբերի 23-ին՝ պատերազմից օրեր առաջ Մանե Թանդիլյանը մասնակցում է իշխանության կազմակերպած՝ «Մեր ժամանակի հերոսը» միջոցառմանը։ Իսկ հետո իմանում ենք, որ ակտիվ քաղաքական գործունեությունից հրաժարված Մանե Թանդիլյանը Արցախը Նիկոլ Փաշինյանի հետ պարտության մատնած Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին, Արցախում նշանակվում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։

Քաղաքական ակտիվ գործունեությունից հրաժարված Մանե Թանդիլյանը Փաշինյանի կառավարության հետ համագործակցած, կապիտուլյացիայի ստորագրումից հետո Փաշինյանի կառավարությունում Սոցիալական հարցերի նախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանի հետ 2021 թվականին մայիսին հիմնում է նոր քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Ապա Արցախում թողնելով նախարարի պաշտոնը՝ Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ ծառայությունը Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում։ Ի դեպ, «Ապրելու Արցախ»-ի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որ Ռուբեն Վարդանյանի հասարակական հիմուքններով խորհրդականն է, պարզվեց՝ այնքան էլ հասարակական հիմունքներով չի ապրել Արցախում. ինչպես Hraparak.am-ի աղբյուրներն էին տեղեկացրել՝ Առաքելյանն Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից հիմնադրված կազմակերպության հոգաբարձուների խորհրդում ամսական ստացել է 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ։

Վերադառնալով Մանե Թանդիլյանի՝ Երևանի քաղաքապետ դառնալու ցանկությանը՝ «Ապրելու երկիր»-ից գուցե պարզաբանեն՝ ինչպես է, որ շրջափակված Արցախից «Մենք անելու ենք առավելագույնը՝ Արցախը հայերի համար դարձնելու ապրելու և արարելու երկիր» հայտարարած, «Ապրելու Արցախ» հիմնադրամը ստեղծած Մանե Թանդիլյանը հանկարծ հայտնվեց Երևանում, առաջադրվեց քաղաքապետի թեկնածու։ Գուցե համարում է, որ Արցախում իր ծառայությունն ավարտվա՞ծ է, կամ գուցե համարում է, որ Արցա՞խն է «ավարտված» և որ Արցախն էլ ապրելու տեղ չէ՞, կամ գուցե համարում է, որ Արցախը փրկելու համար պետք է Երևա՞նը «վերցնել», այդ դեպքում ինչպե՞ս է, որ պատերազմից հետո՝ 2021 թվականին Մանե Թանդիլյանը խնդիր չէր տեսնում Փաշինյանի իշխանության հետ համագործակցության. «Դեմ չենք Փաշինյանի հետ համագործակցությանը՝ իշխանություն դառնալու համար»։

Ոչ սկզբունքային գործիչները պետականության համար վտանգավոր ժամանակներում չպետք է հանրության քվեն փոշիացնեն, որովհետև ոչ սկզբունքային գործիչները չեն կարող հեռացնել կարմիր գծեր չունեցող՝ սկզբունքային քաղաքական թուրք Նիկոլ Փաշինյանին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին