▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գույքահարկի ռեֆորմի առաջարկներ են եղել, որոնց մեծ մասը ոչ թե եղել է մեղմացնող բնույթի, այլ խստացնող

Գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ առաջարկներ են ստացվել, որոնց մեծ մասը ոչ թե եղել է մեղմացնող բնույթի, այլ խստացնող։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին,  թե արդյոք կոնկրետ դիմումներ եւ առաջարկներ ստացե՞լ են գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ, եւ դրանցից քանի՞սն են առնվազն քննարկման ենթակա։

«Առաջարկ է եղել դիտարկել, թե կոնկրետ անձը քանի գույք ունի, դրանց ընդհանուր գումարը հաշվել, այդ ամբողջական արժեքով հարկել, ինչի հետեւանքով շեմն ավելի բարձր կլիներ, ու, բնականաբար, ավելի բարձր տոկոս կվճարեին։ Չենք ընդունել այդ առաջարկն այս պահին, որովհետեւ կարծում ենք, որ դրա տեխնիկական իրագործումը ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու, բացի այդ, այս պահին չենք ցանկացել լրացուցիչ ծանրացնել բեռը»,- նշել է  Թունյանը։

Նրա խոսքով՝ առաջարկ է եղել սահմանել օգտագործվող եւ չօգտագործվող հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների տարբերակված գույքահարկ։

«Այսինքն, եթե այդ շինությունը օգտագործվում է, այդ գույքահարկը լինում է ինչ-որ գումար, եթե չի օգտագործվում, այդ գումարը լինի մի քանի անգամ ավելի շատ, որպեսզի դա լրացուցիչ խթան լինի, որ մարդիկ աշխատեցնեն։ Այդ դեպքում էլ, քանի որ հստակ չափորոշիչներ սահմանելու խնդիր կա՝ իրագործելիության հետ կապված, թողել ենք այդ համակարգը հետագայի համար, այսինքն՝ առաջարկներ եղել են, ու դրանց մեծ մասը եղել է հենց այսպիսի բնույթի։ Մյուս թեւի առաջարկը հիմնականում եղել է այնպիսին, որ պետք չէ այս պահին ռեֆորմն անել, իսկ մենք կարծում ենք, որ այս ռեֆորմը դեռ մի բան էլ ուշացած էր»,- ասել է Թունյանը։  

Իսկ արդյոք տնակները ե՞ւս ենթակա են հարկման․․․այս հարցին պատասխանել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ Կոմիտեում հաշվառված եւ գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է։

«Այսինքն՝ նույնիսկ այն գույքերը, որոնք ինքնակամ կառուցված շինություններ են, սակայն դրանք հաշվառված են եւ ներկայացված են Կադաստրի կոմիտե, դրանք ընդգրկված են ամբողջությամբ հարկման բազայում։ Ինչ վերաբերում է վագոն-տնակներին, դրանք ամրակցված չեն հողին եւ հարկման հիմք չեն կարող հանդիսանալ որպես այդպիսին»,- ասել է Թովմասյանը։

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին