▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրին դեռ կրիմինալ է. «Ժողովուրդ»

2014թվականի առաջին երկու եռամսյակի կտրվածքով Շիրակի մարզում  գրանցվել է 492 հանցագործության դեպք, որից  միայն 313-ը բաժին է ընկել Գյումրի քաղաքին: Բացահայտումների թիվը կազմել է 415: Եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ Գյումրիում սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերն  ավելացել են:

 

Միայն այս տարվա առաջին կիսամյակում Գյումրիում սպանվել է 2, մարմնական վնասվածք ստացել՝ 14 մարդ: Գյումրեցիները դեռ հիշում են՝ ամիսներ առաջ իրենց քաղաքում երկու սիրիահայ տղաների դանակահարեցին, նրանք ծանր վիճակում հայտնվեցին հիվանդանոցում: Երբ փորձեցինք զրուցել նրանց հետ հասկացանք, որ մինչ օրս տղաները պատահածի հետ կապված բացատրություն չունեն: Նրանց խոսքով` իրենք Գյումրիում  ոչ թշնամի, ոչ ծանոթ, ոչ էլ վիճաբանության առիթ  չեն ունեցել:

 Հաջորդ աղմկահարույց դեպքը, որից  1 ամիս էլ  չի անցել,  մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանությունն է: Նրա դին գտել էին Գետք համայնքից Երասխավորս տանող ճանապարհի մոտակա փոսերից մեկում: Դիակի վրա առկա էին հրազենային կրակոցներ: Հիշեցնենք, որ դեպքից օրեր անց ձերբակալվեց Շիրակի քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը: «Ժողովուրդ»-ը  Գյումրու ոստիկանությունից տեղեկացավ,  որ գործն իրենց մոտից տեղափոխվել է եւ  քննվում է Պաշտպանության նախարարության քննչական վարչությունում: 

Դեպքերի նմանատիպ զարգացումներից հետո շատերը Գյումրին համարեցին վտանգավոր եւ կրիմինալ քաղաք: Իսկ ահա իրենք՝ գյումրեցիները, համամիտ չեն նման գնահատականի հետ: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ, ի վերջո, նմանատիպ հանցագործություններ լինում են ե՛ւ Երեւանում, ե՛ւ  Վանաձորում, ե՛ւ հանրապետության այլ քաղաքներում: Գյումրեցիների գնահատմամբ՝  Գյումրին եղել եւ  մնում է արհեստների եւ արվեստների քաղաք:

 Ի դեպ հիշեցնենք, որ  հարուստ մշակութային  նկարագրի շնորհիվ 2013թ. Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

Հեղինակ` ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին