Հայկական Ժամանակը գրում է, որ քիչ առաջ Գյումրիում, Կումայրի պատմական միջուկի սկզբնամասում՝ Շիրազի փողոցում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Վիճաբանությանը մասնակցել են մեծաթիվ մարդիկ: Թե վիճաբանությունն ինչի արդյունքում է ծագել, այս պահին հստակ չէ: Գոռգոռոցներից մասնակիորեն հնարավոր է եզրակացնել, որ խնդիրը կապ ունի դիմակ կրել-չկրելու հետ:
Առավոտն էլ այս թեմայով հետևյալն է գրում․
Գյումրու կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում մեծ վիճաբանություն էր սկսվել մի ընտանիքի ու տարածքը հսկող ոստիկանների միջև։ Ըստ ականատեսների, մի երիտասարդ՝ իր կնոջ, երեխայի, մոր ու մորաքրոջ հետ դուրս էր եկել զբոսանքի, նա դիմակը կրել է բերանի հատվածում, ոչ պատշաճ ձևով, որն էլ չի վրիպել տարածքը հսկող ոստիկանների ուշադրությունից։
Ոստիկանները տուգանել են նրան, վերջինս ընդդիմացել է, վերածվել է վիճաբանության։ Վիճաբանությունը տեղափոխվել է Խաղաղության օղակ։ Ուղիղ եթեր մտած ականատեսի պատմելով, ոստիկանները հարազատների ներկայությամբ քաշքշել են նրան, գետին գցել, հարվածել, կինը, որի գրկում եղել է անչափահաս երեխան, ուշաթափվել է։


