Նախորդ շաբաթ «Լիդիան Արմենիայի» մի խումբ նախկին աշխատակիցները և համայնքների բնակիչները մամուլի ասուլիս էին հրավիրել: Նախկին աշխատակիցները տեղեկացրեցին, որ դատական գործընթաց են սկսել՝ պահանջելով դրամական փոխհատուցում Ամուլսարի շրջափակման հետևանքով իրենց կրած ֆինանսական և բարոյական վնասի դիմաց: Մենք կապվեցինք ասուլիսի մասնակիցներից մեկի՝ Գնդեվազի բնակչուհի Աննա Ներսիսյանի հետ, հետագա քայլերի մասին տեղեկանալու համար։ Նա ասաց, որ Լիդիանի աշխատակից չէ, բայց մասնակցել էր ասուլիսին, Գնդեվազում տիրող սոցիալական ծանր վիճակը ներկայացնելու համար:

- Ինչո՞ւ եք միացել Լիդիանի աշխատակիցներին, եթե դուք Լիդիանում չեք աշխատել:
- Ես Լիդիանում չեմ աշխատել բայց Գնդեվազում եմ ապրում, ու տեսնում եմ թե ինչ է կատարվում մեր գյուղում Ամուլսարի փակվելուց հետո: «Լիդիանի» աշխատակիցների մեջ կան բազմաթիվ գնդեվազցիներ՝ իմ հարևանները, ընկերները: Այս անօրինականության հետևանքով նրանք բոլորը կանգնած են լուրջ ֆինանսական խնդիրների առջև: Հիմնականում բոլորը, ունենալով երկարաժամկետ կայուն աշխատանք, վարկեր էին վերցրել իրենց խնդիրները հոգալու համար, իսկ այսօր զրկվել են ապրուստի միջոցից։ Այս վիճակը, աշխատանքի բագակայությունը ողջ համայնքի վրա է ազդում։ Համայքը դատարկվում է և ես որպես Գնդեվազի բնակիչ միանում եմ Ամուլսարի շուրջ ապօրինությունը վերացնելու պահանջին:
- Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող ակտիվիստներից մեկը, Թեհմինե Ենոքյանը, որը Գնդեվազից է, օրերս գրառում էր արել հենց այս թեմայով: Մասնավորապես գրում էր, որ «Լիդիանում» աշխատող գնդեվազցիները լավ աշխատավարձով վարկեր են վերցրել, որ տուն գնեն Երևանում կամ հարակից այլ վայրերում, որ հանքի շահագործման ընթացքում կամ շահագործումից հետո ճողոպրեն ավելի անվտանգ վայրեր:

- Նախ, մի ճշտում, այդ անձը երկար տարիներ մշտական բնակություն է հաստատել Երևանում ու Երևանում ապրելով արդեն քանի տարի խոսում է գնդեվազցիներիս անունից: Իսկ ահա այն մարդիկ, ում Թեհմինե Ենոքյանը փորձում է պիտակավորել, հնարավորություն էին ստացել այդ վարկերի օգնությամբ բարելավել իրենց կենցաղային պայմանները, տուն նորոգել, ընտանիք կազմել ու այդ ամենը առանց Գնդեվազից դուրս գալու: Կյանքը եռում էր Գնդեվազում մինչև Ամուլսարի ճանապարհների շրջափակումը: Գնդեվազից հիմա են «ճողոպրում» Ամուլսարի շուրջ այս ապօրինության հետևանքով: Թող ոչ ոք չմտածի, որ գնդեվազցուց առավել կարող է մտահոգվել մեր առողջության ու մեր գյուղի ապագայի համար: Մենք, ի տարբերություն տարիներ առաջ Երևան ճողոպրած Ենոքյան Թեհմինեի, Գնդեվազում ենք ապրում ու փորձում ամեն գնով կառուցել մեր ապագան այստեղ, իսկ Ամուլսարը միայն օգնում էր դրանում:
Ի դեպ, ձեր հիշատակած գրառման մեջ մի արտահայտություն լավագույնս բնութագրում է Ամուլսարի դեմ պայքարող այդ մարդկանց բարոյական կերպարը: Նա իր նախկին համագյուղացիներին վիրավորական մի շարք բառեր է ուղղում, այդ թվում, այսօր երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին անվանելով նրանց «վիրուսակիրներ»: Սա ատելության խոսք է ոչ այնքան գնդեվազցիների, որքան կորոնավիրուսի վիրուսակիր հանդիսացող մեր հայրենակիցների հանդեպ, վիրուսակիր լինելը ներկայացնելով որպես պիտակ ու ամաչելու բան: Կարծում եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այս դժվարին օրերին հանդիսանում է արտակարգ դրության պարետը, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի նման դրսևորումներին համապատասխան խիստ արձագանք տալու համար:


