▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համայնքային որոշ իշխանավորների ցինիզմի և լկտիության մասին շարունակում եմ լուրեր առնել»

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Սիրելի համաքաղաքացիներ, մի երկու թիվ ասեմ, կարող է պետք գալ:
Գյումրու բարեկարգման, նորոգման (բոլոր թաղերի, փողոցների, նրբանցքների, բակերի, խաղահրապարակների, հեղեղատար ջրահեռացման համակարգերի (ոչ կոյուղային), փողոցային կամ արտաքին լուսավորման համակարգի, աղբահանության, կանաչապատման, ոռոգման ցանցի կառուցման եւ ապահովման, եւ այլն) կապիտալ ներդրումային ծախսը, իմ զուսպ հաշվարկներով, հիմա մոտավորապես 120-150 մլրդ դրամ է: Գյումրու բյուջեն մոտավորապես 5 մլրդ դրամ է: Դրա մոտավորապես 40 տոկոսը տեղական եկամուտներն են, մնացածը՝ պետական բյուջեից դոտացիան՝ լրավճարը՝ «...Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի բանաձեւերով հաշվարկված: Այսինքն, առանց արտաքին կապիտալ հատկացումների կամ ֆոնդահայթայթման Գյումրին միայն կոսմետիկ նորոգումների է ենթարկվելու, ոչ ավել:
Բայց.
1. Գյումրու տեղական եկամուտները (վերոհիշյալ 5 մլրդ դրամից 2 մլրդը), բարեխիղճ աշխատանքի եւ վարպետ կառավարման դեպքում կարող է աճել 30-50 տոկոսով, այսինքն 0,6-1 մլրդ դրամի չափով եւ ընդհանուր բյուջեն կարող է դառնալ 5 մլրդի փոխարեն 5,5-6 մլրդ դրամ: Թե որտեղից պիտի ավելացվեն եկամուտները, մի քանի անգամ բացատրել եմ ե՛ւ իշխանություններին, ե՛ւ հանրությանը:
2. Գյումրու բյուջեից ծախսումները բարեխիղճ եւ վարպետ կառավարման դեպքում կարող են նույն գործերը նույն որակով անելու համար ծախսերից տնտեսվել մինչեւ 10-20 տոկոսով, այսինքն, այդ 5 մլրդ դրամից 4,2-4,6 դրամով կարելի է այնքան գործ անել, որքան արվում է հիմա: Այսինքն ծախսային անարդյունավետությունը մոտավորապես 10-20 տոկոս է:
3. Վերոհիշյալ երկու հնարավորությունը համադրելով, պնդում եմ, որ համայնքին կարելի էր մոտավորապես առավել ծառայություններ մատուցել 0,9-1,8 մլրդ դրամի չափով կամ առկա բյուջերի արդյուանվետությունից առավել 18-36 տոկոսով: Դա, իհարկե, կապիտալ ներդրման համար անհրաժեշտ 120 մլդր դրամը չէ, բայց զգալի բան է եղածի համեմատ: Ասենք դուք տանն ունեք 100 կիլո ցորեն, թե 118-կամ 136 կիլո, տարբերություն կա, չէ՞:
4. Այլընտրանքային աղբյուրներից ֆոնդահայթայթման հետեւողական եւ արդյունավետ աշխատանքի դեպքում համայնքապետարանը կարող է առաջիկա 5 տարում տարեկան հայթայթել լրացուցիչ մինչեւ 1-ական միլիարդ դրամ, հաջորդող 5 տարիներին՝ 1,5-3-ական մլրդ դրամ, եւ 10-15 տարուց ունենալ բյուջեի 60-100 տոկոսի չափ գումար, այսինքն, ինչքան կլինի համայնքի տեղական եկամուտների եւ պետական հատկացումների հանրագումարը, այնքան էլ այլ աղբյուրներից կճարվի՝ փողի եւ գույքի տեսքով: Ես գիտեմ, որ սա ֆանտաստիկա է թվում, բայց դեռ ոչ ոք լուրջ ջանք չի ներդրել այս «այլընտրանքային» ֆոնդահայթայթման ուղղությամբ, սովորաբար դոնորներն իրենք են եկել փող ու գույք առաջարկել, ու «կպել» է այդպես: Այդ աղբյուրները կարող են լինել համաշխարհային ազդեցություն ունեցող հիմնադրամները, որոնք աշխատում են մշակութային արժեքների պահպանության, բնապահպանության, կենդանական աշխարհի պահպանության, կանաչ, վերարտադրվող էներգիայի արտադրության, կառավարման արդյունավետության բարձրացման ուղղություններով աշխատող ու խթանող աղբյուրները: Այդ աղբյուրներից են քույր քաղաքների հետ կապերի զարգացման ծրագրերը, հատկապես զարգացած երկրներում Գյումրու ունեցած քույր քաղաքների մասին է խոսքը: Ինչպես նաեւ դեսպանատների, ՀՀ բարեկամ երկրների հետ կապերի զարգացման ծրագրերը եւ այլն: Այսինքն, իմ պատկերացրած համայնքապետերը ոչ թե պիտի գնան էս երաժշտական դպրոցի համերգից էն մանկապարտեզի ավարտական խմբի հանդեսին նկարվելու, այլ առավոտյան հանդիպեն մի դեսպանի հետ, ցերեկը ճաշեն մի հիմնադրամի տնօրենի հետ, երեկոյան էլ հյուր ընդունեն մեկ այլ միջազգային կազմակերպության նախագահի, հետները ժամերով գրավոր ու բանավոր խոսեն ու բանակցեն, աշխարհի տաշտերը քերեն բերեն լցնեն համայնք: Բայց դե որտեղից մեզ էդ բախտից:
Հիմա ամենակարեւորը. եթե 120 մլրդ դրամի անհետաձգելի ներդրման կարիք ունենք, բայց տարեկան բյուջեում ունենք կապիտալ ներդրման համար ընդամենը կես միլիարդ դրամ կամ շատ-շատ մեկ միլիարդ, ու ունեցած կապիտալ համալիրը մաշվում է ավելի արագ, քան ներդրվում է, իհարկե, աղքատ ենք: Բայց ավելի վատ է, որ համայնքի կառավարումն իրականացվում է իներցիայով, սա բազմիցս ասել ու բացատրել եմ, յոլա տանելով, հարմարելով ու հաշտ լինելով, որ այսպես էլ պիտի լիներ: Չնայած քաղաքի կենտրոնում որոշ ներդրումներին ու բարեկարգումներին, զբուսաշրջիկների հոսքին այդ տարածքներ, քաղաքը մնում է սոցիալ- տնտեսական խորը կոնտրաստի մեջ, մտեք թաղերը՝ կտեսնեք:
Ի դեպ, վերոհիշյալ խնդիրները եւ մարտահրավերները զգալիորեն վերաբերելի է են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքային, կամ քաղաքներ պարունակող համայնքներին: Շատ կասկածում եմ, թե այժմյան համայնքային իշխանությունները այստեղ եւ այլուր խորքային վերլուծություններ ունեն իրենց համայնքների զարգացման մասին, ու ունեն ճանապարհային քարտեզ, թե ինչպես վերացնեն կամ կրճատեն համայնքներում կապիտալ ներդրումների խայտառակ ճեղքվածքը: Եթե ունենային, ապա դա կերեւար համայնքների զարգացման հնգամյա ծրագրերում: Եղած բյուջեներով եւ կառավարման միջակ գիտելիքներով ու բարեփոխումների շատ սահմանափակ կամքով, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով յոլա են տանում համայնքային կառավարումը: Պետական իշխանությունը կետային, դրամաշնորհային ներդրումներ անում է համայնքներում, իր հասկացածով, իր խելքով, ինչը նույնպես չի լուծում այն խնդիրը, որ նկարագրեցի Գյումրու օրինակով: Պետությունը շարունակում է մնալ խիստ կենտրոնացված, ինչպես պետությունն է կենտրոնացված ու փողերի զգալի մասը մայրաքաղաքն է ստանում, այնպես էլ քաղաքաներում են փողերի զգալի մասը ներդնում կենտրոններում՝ «գեղամիջում»՝ որ ցույց տալու բան լինի: Տեղական ինքնակառավարումը մնում է երկրորդականացված, թույլ, կարիքավոր եւ խղճուկ: Համայնքային որոշ իշխանավորների մեծամտության, ցինիզմի եւ լկտիրության մասին պարբերաբար շարունակում եմ լուրեր առնել, այդ մասին առանձին, մեկ այլ առիթով:
Ուշադրություն.
Վերոհիշյալ թվերը, հեշտ ընկալելի լինելու համար ահագին կլորացված եմ գրել, գիտական աշխատանքների եւ ճշգրիտ զեկուցումների համար հարկավոր է օգտագործել սկզբնաղբյուրներից ճշգրիտ թվերը: Կանխատեսումները՝ իմ գնահատողական դատողություններն են, դրանք փաստերի հետ խնդրում եմ չշփոթել, ՏԻՄ ուսումնասիրելու իմ 30 տարվա փորձի արդյունքն են ընդամենը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին