▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցականի տակ չենք դնում Հայոց ցեղասպանության մասին ուսուցանելու կարևորությունը. «Վաշինգտոն փոստ»

 Amerikayidzayn.com-ը գրել է. «Վիրջինիայի դասագրքերի քաղաքականությունը» խմբագրականում ամերիկյան պարբերականն անդրադարձել է Կալիֆրոնիա և Վիրջինիա նահանգների օրենսդրական մարմինների կողմից կրթության ոլորտում կայացված որոշումներին «Կալիֆորնիայում հայկական լոբբին տոնում է նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որը կարգադրում է նահանգի կրթության նախարարությանը իր հրապարակումների մեջ հատուկ շեշտադրում կատարել Հայոց ցեղասպանության վրա: «Մենք կարողացե՛լ ենք հասնել դրան» հայտարարությամբ էլեկտրոնային նամակ է ուղարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակն իր բաժանորդներին: «Ընդամենը մի քանի ժամ առաջ, չնայած թուրքական լոբբիի կողմից իրականացվող հուժկու դիմադրության, մենք հաղթանակ ենք տարել հանուն արդարության և արդարադատության վարվող պայքարում, որը կփոխանցվի հաջորդ սերունդներին»: Նամակում այնուհետև նվիրատվություն կատարելու առաջարկություն է արվում, որպեսզի «մենք կարողանանք զարգացնել մեր այսօրվա հաղթանակը»:
 
Այսպես է սկսվում ամերիկյան «Վաշինգտոն փոստ» պարբերականում «Վիրջինիայի դասագրքերի քաղաքականությունը» խորագրով հրապարակված խմբագրականը, որտեղ նկարագրվում է նաև, որ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում օրենսդիրներն աշխատում են մի բանաձևի վրա, որտեղ նահանգի կրթության նախարարությանը կարգադրվում է գնել այն դասագրքերը, որոնք հարցականի տակ են դնում Ճապոնական ծովի անունը, որը, բազմաթիվ կորեացիների կարծիքով, պետք է կրի «Արևելյան ծով» անվանումը:
 
«Նորընտիր նահանգապետ, դեմոկրատ Թերի ՄըքՕլիֆը երկու կրակների արանքում է հայտնվել: Նախընտրական պայքարի ժամանակ ինքը խոստացել էր սատարել նման փոփոխությունը, սակայն այժմ հայտնաբերել է, որ Ճապոնիան, որի ընկերությունները խոշոր ներդրումներ են կատարում նահանգում, հավանության չի արժանացնում նման գաղափարը», - նշված է պարբերականի խմբագրականում:
 
«Այս ամենը մեզ բերում է հետևյալ առաջարկության. միգուցե նահանգների օրենսդրական մարմիններն ավագ դպրոցի պատմության դասագրքեր գրելու համար լավագույն վայրը չեն», - հարց է ուղղում «Վաշինգտոն փոստ»-ը:
 
«Մենք հարցականի տան չենք դնում 1915 թվականին սկսված Հայոց ցեղասպանության մասին ուսուցանելու կարևորությունը: Մենք կարծում ենք նաև, որ ամերիկացիներին օգտակար կլիներ տեղեկանալ Ասիայում Ճապոնիայի իմպերիալիզմի պատմության մասին: Մենք որևէ խնդրի չէինք ունենա, եթե նահանգային ժողովը կարգադրեր կրթության նախարարությանն անդրադառնալ նման վիճահարույց թեմաներին և մշակել ուսումնական ծրագրեր, որոնք կխրախուսեին պատմական այն խնդիրների ուսումնասիրությունն ու քննարկումը, որոնք շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ ներկայի վրա: Մենք սակայն կասկածանքով ենք վերաբերվում ընտրովի պաշտոնյաների կողմից դասագրքերի համար քարտեզներ գծելուն կամ ուսումնական ծրագրեր մշակելուն՝ լինի դա էվոլյուցիայի, կլիմայի փոփոխության, Հայաստանի, կամ Ճապոնիայի ու Կորեայի միջև ընկած ջրավազանի մասին», - ասված է «Վաշինգտոն Փոստ»-ում հրապարակված խմբագրականում:

Աղբյուրը՝ amerikayidzayn.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին