Սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանը, որ վերջին ամիսներին նաև հաղորդում է նկարահանում՝ «Իմացիր ավելին» վերնագրով, մի քանի օր է ազդարարում է Վենետիկի մասին թողարկման վերաբերյալ՝ անդրադառնալով Սուրբ Մարկոսի հրապարակի առյուծի արձանին, ասում է․ «Իրականում, այն Հայոց վերջին թագավորության՝ Կիլիկիայի առյուծն է, որը նվիրաբերել են Վենետիկին՝ թագավորության կործանումից հետո»։
Եղել են զավեշտալի դեպքեր, երբ «Իմացիր ավելին»-ի ժամանակ Կոմիտասի մասին հաղորդման ընթացքում Արշիլ Գորկիի մասին ֆիլմից են կադրեր օգտագործվել, կամ՝ Մինասի մասին հաղորդմանը՝ Մոդիլիանիի մասին ֆիլմի երաժշտությունն է հնչել․․․Դրանց մասին, գուցե, հարկ չենք համարել խոսել, բայց, երբ նման «խրոխտ» վերնագրով հեռուստահաղորդումը ֆեյք լուրեր է տարածում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծին իբրև Կիլիկիայի առյուծ ներկայացնելը ցնդաբանություն է։
Ցնդաբանություն, որը ֆեյք լուրին բնորոշ «էֆեկտիվությամբ», տարիներ շարունակ տարածվել է հայկական համացանցում՝ սկսած Տիգրան Խզմալյանից մինչև Կոմիտաս Վարդապետ Հովնանյան՝ վերջացրած տարբեր կայքերով։
Իսկ փաստն այն է, որ Վենետիկի հովանավոր սուրբ Մարկոսի խորհրդանիշ թևավոր առյուծը քաղաքի գլխավոր հրապարակում կանգնած է Կիլիկյան թագավորության որ միայն կործանումից, այլ նաև՝ հիմնադրումից առաջ։
Այս մասին դեռ տարիներ առաջ գրել էր Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն, լուսահոգի Հարություն Պզտիկյանը ՝ խնդրելով ոչ թե մոլորեցնել, այլ զարգացնել հայ զավակներին։
Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան