▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակը շատ մոտ էր...Հայաստան-Սերբիա` 1:1

footballcity.am: Եվրո 2016-ի որակավորման փուլի I խմբում կայացավ մեր ազգային հավաքականի և Սերբիայի ազգային հավաքականի մրցավեճը: Հանդիպումը կայացավ Հանրապետական մարզադաշտում: Սերբերը խաղադաշտ էին դուրս եկել 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ, իսկ մեր հավաքականը դուրս էր եկել ավելի պաշտպանողական՝ 5-2-1-2 դասավորությամբ: Հանդիպման մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնարկային րոպեներին հետևեցին փոխադարձ ակտիվ գրոհներ, սակայն երկու թիմերին էլ չէր հերիքում վերջին փոխանցումը: Հանդիպման երրորդ րոպեին սերբերը վաստակեցին իրենց առաջին անկյունային հարվածի իրավունքը, բայց այն իր մեջ վտանգ չպարունակեց: Իսկ հանդիպման 9-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները հավասարեցնում են անկյունայինների հաշիվը, սակայն Պիզելլիի խաղարկումից հետո գրոհի շարունակություն չեղավ: 10-րդ րոպեից սկսած գնդակին ավելի շատ տիրում էին սերբերը, որոնք դիրքային գրոհների միջոցով փորձում էին մոտենալ մեր տուգանային հրապարակին, իսկ մեր ֆուտբոլիստները այդ ընթացքում շեշտը դրել էին արագ հակագրոհների մարտավարության վրա: Վտանգավոր կարող էր ստացվել Ալեքսանդր Կոլարովի իրացրած մոտ 30 մետրից իրացրած տուգանային հարվածը, սակայն Ռոման Բերեզովսկին ինչպես միշտ աչալուրջ էր և առանց մեծ դժվարությունների որսաց գնդակը, որը սլանում էր դեպի դարպասի աջ անկյունը: 26-րդ րոպեին Լազար Մարկովիչը Արթուր Եդիգարյանի հետ բախումից հետո մի քանի րոպե անց փոխարինվեց՝ ստացած վնասվածքի պատճառով: Նրան փոխարինեց Զդրավկո Կուզմանովիչը՝ 22 համարի մարզաշապիկով: 5 րոպե անց Մարկոս Պիզելլիի պտտեցված հարվածից հետո Վլադիմիր Ստոյկովիչը ետ մղեց գնդակը: Խաղի միջնամասում մեր ազգային հավաքականի գրոհները այնքան էլ վտանգավոր չէին ստացվում, քանի որ թիկունքից միացող խաղացողների թիվը քիչ էր, նաև պաշտպանական գծից երկար փոխանցումներ էին ուղղվում Արթուր Սարկիսովի ուղղությամբ, որպեսզի վերջինս օգտագործի իր հիմնական զենքը՝ արագությունը, սակայն դրանք հիմնականում անհասցե էին: 38-րդ րոպեին Մատիա Նաստասիչը ձեռքով հարվածում և տապալում է Արթուր Սարկիսովին, դրա համար ստանում է բանավոր զգուշացում՝ մրցավարի կողմից: Վտանգավոր տուգանային դիրքում Մարկոս Պիզելլին իրացնում է տուգանային հարվածը, սակայն գնդակը բարձր է սլանում: 44-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանի նկատմամ Մատիա Նաստասիչը խախտում է կանոնները, որի համար ստանում է հանդիպման առաջին դեղին քարտը: Մրցավարի ավելացրած 2 րոպեների ընթացքում ավելի ակտիվ էին տանտերերը: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսում հավասար պայքար էր:
Երկրորդ խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին սերբերը, հետագա րոպեների ընթացքում խաղը կրկին հավասարվեց, 52-րդ րոպեին հայերը վաստակում են անկյունային հարվածի իրավունք, որի խաղարկումից հետո Մարկոսը գնդակն ուղարկում է տուգանային հրապարակ, որտեղ Սարկիսովը հաղթելով օդային պայքարում, չի կարողանում դիպուկ հարվածել: Նույն րոպեին Կառլեն Մկրտչյանին փոխարինեց Ռումյան Հովսեփյանը: 58-րդ րոպեին Արթուր Սարկիսովը Բրանիսլավ Իվանովիչի հետ բախումից հետո ստանում է ցավալի վնասվածք, սակայն իր մեջ ուժ գտնելով, կաղալով վերադառնում է խաղադաշտ: 3 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո վտանգավոր հարված են կատարում սերբերը, բարեբախտաբար դարպասի գրավում չի լինում: 62-րդ րոպեին Մատիա Նաստասիչը ծնկով հարվածում է Էդգար Մանուչարյանի մեջքին, սակայն սերբը չի ստանում արժանի քարտը, քանի որ մրցավարը այդ դեպքում պետք է հեռացներ նրան: 4 րոպե անց նրան փոխարինում է Արտակ Դաշյանը: 70-րդ րոպեին սերբերի հարձակման գծում կատարվում է համարժեք փոփոխություն. Ջորջևիչին փոխարինում է Լազովիչը: Ինչպես և առաջին խաղակեսում, այնպես էլ երկրորդում տուգանայինները և անկյունայինները հիմնականում իրացնում էր Մարկոս Պիզելլին: 72-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ստոյկովիչը ետ է մղում գնդակը, գրոհը զարգանում է երկրորդ տեմպով և Տարոն Ոսկանյանի փոխանցումից հետո Ռոբերտ Արզումանյանը բացում է խաղի հաշիվը: 10 րոպե անց Արթուր Սարկիսովի անցումից հետո Ստեֆան Միտրովիչը գցում է նրան տուգանային հրապարակում: 11 մետրանոցը իրացնում է Մարկոս Պիզելլին ում հարվածը ետ է մղում դարպասապահը, նրա երկրորդ հարվածը նույնպես: Նա անմիջապես փոխարինվում է. խաղադաշտ է դուրս գալիս Ալեքսանդր Կարապետյանը: 90-րդ րոպեին Զորան Տոշիչը հավասարեցնում է խաղի հաշիվը:

Հայաստան – Սերբիա 1-1
Գոլերը՝ Արզումանյան 73, Տոշիչ 90 

Աղբյուր` footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին