Եկեղեցին և, առհասարակ, կազմակերպությունները, անկախ իրենց ունեցած պատմական ավանդից, պետք է անջատ լինեն պետությունից ու զբաղվեն իրենց հոգևոր գործերով, որոշ դեպքերով մշակութային ժառանգության պահպանության գործերով, եթե դա վերբերում է իրենց. այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Ըստ նրա՝ բոլոր պետական կառավարման ֆունկցիաներով պետք է զբաղվեն պետական կառույցներն ու գերատեսչությունները։ Մինչդեռ նրա խոսքով՝ 2000-ականներից եկեղեցականները ներգրավվել են պետական միջոցառումներում, ինչպես, օրինակ՝ զորակոչին հոգևորականների ներկայությունը։
«Երբ կլինի նոր Սահմանադրության նախագիծ, դրան էլ պետք է անդրադառնանք՝ տալով ժամանակակից լուծումներ, որոնք տարընթերցումների հնարավորություն չեն տա»,- ասել է նա:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսված շարժմանը՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ այդ գործողությունները հեղինակազրկել են Հայ առաքելական եկեղեցին: Պատգամավորը այդ ամենը որակել է որպես իշխանության զավթման նպատակ։
«Ոչ թե մեկ հոգևորական է դուրս եկել իշխանության զավթման նպատակով, այլ բազմաթիվ այլ հոգևորականներ, որը ղեկավարվում է կաթողիկոսի, հոգևոր խորհրդի ու, ընդհանրապես, եկեղեցու կողմից, ինչը վտանգավոր է հայոց պետականության համար: Գործողությունները մեր ժողովրդի իմաստության շնորհիվ արժանացան իրենց գնահատականին։ Այս ամեն ինչի արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»,- ասել է Թորոսյանը: