ԱԺ-ում Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը նշանակալի իրադարձություն է եւ շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար: «Այս առումով մենք կարեւոր եւ նոր ժամանակաշրջան ենք թեւակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վերածվում է դե ֆակտո իշխանության»,- ասաց նա:
Վարչապետը, խոսելով խորհրդարանների դերի մասին, հայտարարեց, բոլոր խորհրդարանները բացառիկ դերակատարություն են ունեցել. «Որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է, եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքներ, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները: Կարեւոր է, որ ՀՀ խորհրդարանները երբեք չունենան այն հարցադրումը, թե որքանով են արտահայտում ժողովրդի կամքը: Սա կարեւոր է պետական համակարգը սինքրոնացնելու գործում»,- շարունակեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ելույթում խոսեց նաեւ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել: «Հույս հայտնեմ, որ նաեւ կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում»,- նշեց Փաշինյանը:
Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հույս ունի, որ խորհրդարանական ավանդույթները կշարունակվեն: