▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ քաղաքագետը Ռուսաստանին դատի կտա

«Ոչ պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել ԱԳՆ-ում և ինձ ասել են, որ Ռուսաստանն իր կարծիքը չի փոխել և արգելում է իմ մուտքը իր տարածք և իմ այն կանխատեսումը, որ գործը զուտ քաղաքական բնույթ ունի, ապացուցվեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով.

«Իմ իրավունքը, պատիվն ու հեղինակությունը պաշտպանելու համար կդիմեմ Եվրոպական դատարան: Իմ հայրը թաղված է Ռուսաստանում: Ես իրավունք ունեմ այցելել նրա գերեզմանին: Դա միջազգային խաղի կանոններով է կարգավորվում: Դատի եմ տալիս, քանի որ նրանք ինձ տեղյակ չեն պահել ՌԴ մուտք գործելու արգելքի մասին: Ինչո՞ւ թողեցին մուտք գործեմ, որ նոր ձերբակալեն ու արտաքսեն: Ի դեպ, առաջարկում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ազատ վիզայի ռեժիմը փոխի, որպեսզի գոնե դեսպանատանը մարդկանց ասեն, որ վիզայի իրավունք չունեն: Ես ՀՀ-ում ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հորդորում եմ զգույշ լինեն ՌԴ մուտք գործելիս: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ունի «սեւ» ցուցակներ, որոնք ի տարբերություն ԵՄ-ի, ԱՄՆ-ի, չի հրապարակում: Գիտե՞ք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստան մուտք գործել թույլ չտվեցին նաև Ուկրաինայի հայտնի լրագրող Ռոման Սուշչենկոյին և, եթե ինձ արտաքսեցին, ապա իրեն ձերբակալեցին, ու հիմա մարդը դատարաններում է»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսի 30-ին առավոտյան 08․00-ին քաղաքագետը ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան՝ 2014թ․ Ռուսաստանի Դաշնությունում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։ Սակայն, ըստ Գրիգորյանի, նա չի կարողացել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և ինչպես հայտնի է դարձել, նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ, որի մասին նրան տեղեկացրել են ռուս սահմանապահները։

Նրան  տրամադրված ծանուցման մեջ հղում է կատարվել «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։

«Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։ Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը, այն է՝ օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում»,-ավելի վաղ ասել էր քաղաքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին