Աշխարհի առաջատար փորձագետները նշում, որ պղինձը լրջագույն հարստություն է դառնալու։
Ի տարբերություն մեր հարևանների, Հայաստանն ունի այդ հարստությունը և այն մեր երկրի ամենամեծ հարստությունն է, որը լրջագույն օգուտներ կարող է տալ մեր հանրապետությանը։
Լրագրող Արմեն Դուլյանը իր ֆեսբուքյան էջում ուշագրավ մի գրառում է արել այս առթիվ՝ նշելով, որ առաջիկա տասնամյակներում պղնձի նշանակությունն աճելու է, քանի որ մարդկությունը փորձում է սահմանափակել նավթի ու գազի արդյունահանումը։
«Եվրոպական որոշ երկրներ նույնիսկ փորձել են մի քանի տարուց ընդհանրապես վերացնել ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների շահագործումը, իսկ էլեկտրամոբիլների արտադրության համար պահանջվում է 2,5 անգամ ավելի շատ պղինձ։ Պղինձն օգտագործվում է նաև արևի ու քամու էներգիայով աշխատող էլեկտրակայաններում, իսկ այսպես կոչված «կանաչ» էներգետիկան սկսել է զարգանալ պարզապես անհավանական տեմպերով»,-փաստում է լրագրողը։
Արմեն Դուլյանը հավելել է՝ մասնագետները կանխատեսում են, որ պղնձի պահանջարկն աշխարհում 2035 թվականին կավելանա 2 անգամ, իսկ դրա դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա։
«Այսինքն անհրաժեշտ կլինի լրացուցիչ այդքան քանակություն, որը չկա, պարզապես չկա, մեր մոլորակում պղնձի պաշարները խիստ սահմանափակ են ու հիմնականում հայտնաբերվել ու օգտագործում են, վերջին տարիներին նոր հանքավայրեր գրեթե չեն շահագործում»,- նշել է Արմեն Դուլյանը՝ մեկ օրինակ բերելով, թե ավստրալիական Rio Tinto ընկերությունը Մոնղոլիայում՝ Գորի անապատում, պղնձի նոր հանքավայր շահագործելու դիմաց պարտավորվել է փակել այդ երկրի արտաքին պարտքը, կառուցել նոր ավտոճանապարհներ, առանձին էլեկտրակայան և նույնիսկ օդանավակայան։
Ի դեպ, ամերիկյան հեղինակավոր Goldman Sachs բանկն էլ մի քանի տարի առաջ կանխատեսել էր, որ 2025 թվականին պղնձի 1 տոննայի գինը կհասնի 15 հազար դոլարի։ Դուլյանը նաև ուշագրավ մի հարց է տալիս, թե ինչո՞ւ է Հայաստանից դուրս բերվում միայն հանքանյութ, որտեղ պղինձը հարստացման գործընթացից հետո կազմում է մոտ 30%։
«Ինչու՞ Հայաստանում չենք վերամշակում հանքանյութը, որպեսզի մաքուր պղինձ արտահանենք և առնվազն 2 անգամ ավելի շատ եկամուտ ստանանք»,- հարցնում է Արմեն Դուլյանը։
Ի դեպ, հատկանշական է, որ պղնձի գինը դեռևս այդպիսի հսկայական մակարդակի չի հասել, ավելին այս տարվա ընթացքում փոքր ինչ ընկել է, բայց Հայաստանում պղնձի արտադրության հիմնական ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նախորդ տարի եղել է թիվ մեկ հարկատուն, ողջ տարվա ընթացքում մոտ 144 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել։
ԶՊՄԿ-ի հարկերի աճին նպաստել էր նաև միջազգային շուկաներում պղնձի գների աճը ու կարելի է պատկերացնել, թե ի՞նչ հարկեր կվճարի ԶՊՄԿ-ն, եթե պղինձը նման գնաճ և պահանջարկ ցուցադրի առաջիկա տարիներին։


