▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանից Անին տեսնելու միակ հնարավորությունը…

Արտաշես Վրույրը՝ նշանավոր դերասան Արամ Վրույրի որդին, նախորդ դարասկզբին (1901-1917թթ.) հոր հետ
պարբերաբար եղել է Անիում: Հայրը Մառի գիտարշավի խմբում մասնակցել է Անիի պեղումներին:

Արտաշես Վրույրն իր հուշերում գրում է. «Անի կայարան-Անի, Խարկով գյուղի վրայով, մոտ 7 կիլոմետր: Դա Անի
այցելողների ամենաբանուկ ճանապարհն է: Անի կայարանից մինչև Խարկով գյուղը սայլի ճամփա կա, սակայն,
այնուհետև պետք է իջնել Ախուրյանի խոր կիրճը, նավակով անցնել գետի աջ ափը, և ահա այդտեղից ձորի միջով նեղ
շավիղը ձգվում է մոտ երեք կիլոմետր մինչև Գլիձոր և ապա փոքրիկ զառիվերը անցնելով՝ Տիգրանի դռնով մտնում եք
Անի, և ձեր առաջ՝ մի բարձունքի վրա, հանդիպում եք նրբագեղ փոքր տաճարի, դա Տիգրան Հոնենցի սուրբ Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցին է»:
(«Անիում», «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979 թ.)

Իսկ նախորդ դարասկզբից, երբ կորցրինք նաև Անին, երբեմնի հրաշագեղ կառույցների փլատակները, ավերակված
հայկական ճարտարպետության գլուխգործոցները, կիսավեր եկեղեցիները Հայաստանից տեսնելու միակ
հնարավորությունը, ամենամոտ վայրը մնում է դեռ տարիներ առաջ լուծարված, հիմա գրեթե ամբողջովին
անմարդաբնակ (մեկ բնակիչ), սահմանային գոտում գտնվող Խարկովը գյուղը կամ գյուղատեղին, որտեղից Անին
երևում է «ինչպես ափիդ մեջ»:

Մի փոքրիկ պատմական ակնարկ Խարկով գյուղի մասին: Այն մինչ լուծարվելը և 7 կմ հեռավորությամբ գտնվող
հարևան Բագրավանի համայնքին միավորվելը առնվազն երկու անունով է հիշատակվում. սկզբում` Ենիքյոյ, հայերեն
թարգմանությամբ` Նոր գյուղ, ապա Խարկով, իսկ 2006 թ.-ի հուլիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ
անվանափոխվել է Նորշեն։ Ի դեպ, ըստ որոշ պնդումների՝ Խարկով անվանումը վերցված չէ Ուկրանիայի հայտնի
քաղաքից, այլ առաջացել է «խարկվել» բառից և փոփոխվելով դարձել է Խարկով: Ի դեպ, ամռանը Խարկովի
դաշտերում աշխատողիս այս վարկածը շատ ավելի համոզիչ է թվում:

Ոչ միայն հայաստանցիներիս, այլ նաև Հայաստան այցելող հյուրերի համար Խարկով գյուղը գրեթե երազանքի վայր
է դարձել, բայց այդ երազանքն այնքան էլ հեշտ իրականացվողներից չէ: Հայ-թուրքական սահմանին գտնվող
բնակավայրը դեռ խորհրդային տարիներին, իր հարյուրավոր հեկտարներով դաշտերով, արոտներով, սարերով ու
ձորերով, անգամ բազմաթիվ քարի հանքերով վերցվել է փշալարերի պատնեշի մեջ, հատուկ պահպանվող
սահմանային գոտում է, զինվորական ուղեկալի կողմից հսկվող ռեժիմով: Ժամանակին հիմնականում
արգելապատնեշներն էլ դարձան պատճառ, որ երբեմնի շեն և հարյուրից ավել բնակիչ ունեցող համայնքն
ամբողջովին դատարկվեց ու ի վերջո լուծարվեց:

Բնականաբար՝ Խարկով մտնելը բոլորի համար չէ, որ արգելված է. սահմանապահ ուղեկալի հսկողության տարածք
կարող են մուտք գործել մոտակա գյուղերի բնակիչները՝ գյուղատնտեսական աշխատանքերի նպատակով, նախօրոք
ձեռք բերված հատուկ անցաթղթով :

Իսկ զբոսաշրջային նպատակով գյուղ մուտք գործելու համար ԱԱԾ-ից կամ ռուս-հայկական սահմանապահ
ջոկատից նույնպիսի գրավոր թույլտվություն պետք է ստանալ, ինչից հետո փոքր ժամանակով, ասենք՝ մեկ-երկու

2 ժամով, կթույլատրվի արգելապատնեշից ներս մտնել և սահմանապահների ուղեկցությամբ հատուկ նշված վայրից
դիտել Անին: 

Առհասարակ բացի Անիի հրաշալիքներից, Խարկով գյուղը Անիի վառ գույնի քարերով տների փլատակներով ևս
դիտարժան է: Գյուղում կա նաև կիսավեր եկեղեցի: Հիմա մի փոքր՝ այդ եկեղեցու մասին:

«Համառօտ տեղագրութիւն հնութեանց մեծին Շիրակայ եւ մայրաքաղաքին Անիոյ». Աշխատասիր.՝ Մելքիսեդեկ քհ.
Գէորգեանց Շիրակացւոյ. Ի Հայրապետութեան Տ.Տ. Մկրտչի Առաջնոյ Աստուածընտիր կաթողիկոսի ամենայն Հայոց,
Աղէքսանդրապօլ : տպ. Յովհ. Ափինեանցի, 1903 թ.» աշխատությունում մանրամասն գրված է 20-րդ դարասկզբի
Շիրակի բոլոր համայնքների և եկեղեցիների, բնակչության թվի, նրանց հավատքի, քահանաների մասին, գրքում կան
նաև հետաքրքրաշարժ պատմություններ այդ գյուղերի մասին: Բնականաբար այն չի կարող չհամարվել Շիրակի
եկեղեցիների մասին մի խիստ հավաստի աղբյուր: Սակայն մի հետաքրքրական տեղեկություն կա Խարկովի մասին, որն
ինձ տարակուսանքի առիթ է տալիս: Գրքի 175-րդ էջից մեջբերում եմ այն ամբողջությամբ և բառացի.
«ԵՆԿԻՔՈՅ (նոր գիւղ) կամ ԽԱՐԿՈՎ: Բուղդաշէնից արևմուտք կէս ժամ հեռու գտնվւում է Ենկիքոյը, որը ունի 35
տուն, 195 արական, 184 իգական, եկեղեցի չունին. Քահանան է Յարութիւն Տօնականեանը:»
Ինձ հետաքրքրեց նախորդ դարասկզբին եկեղեցի չունենալու այդ փաստը, քանի որ գյուղում այնուամենայնիվ
հիմա էլ կա կիսավեր եկեղեցին, որի մասին մեկ այլ աղբյուրում՝ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ
առևտրային կազմակերպության պաշտոնական կայքում գրված է, որ Խարկովի «Նորամանուկ» եկեղեցին (պետ.
ցուցիչ՝ 7.22.1. 4.2) կառուցվել է XIX դարում: Ըստ խարկովցիների` եկեղեցին կառուցել է Մանուկ անունով
հայորդին, որի ջանքերով Վանից խաչքարեր են տեղափոխվել այստեղ: Եկեղեցու մուտքի արևմտյան և արևելյան
կողմերում XIII դ. պատկանող երկու գեղաքանդակ խաչքարեր են պահպանվել (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2.1), որոնք,
ամենայն հավանականությամբ, վանեցի Մանուկի բերած խաչքարերն են: Իսկ եկեղեցու մկրտարանում պահպանվել է
XIII-XIV դդ. խաչքար (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2.3): «Նորամանուկ» եկեղեցու դռան շեմին երևում է ևս մեկ
քանդակազարդ խաչքար, որը հավանաբար ավելի հին է, քան մուտքի երկու կողմերի խաչքարերը: Եկեղեցու բակում
գտնվում է վանահոր գերեզմանը, որը, ցավալիորեն, քանդվել ու կոտրվել է ոսկի որոնողների կողմից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին