▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Արցախը լիովին ապահովագրված չեն արտաքին աշխարհից եկող ահարկու սպառնալիքներից

Կարևոր ու օգտակար կլինի մեզ համար մշտապես հիշել, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն ու, առհասարակ, հայ-թուրքական հարաբերությունների մեջ առկա հին ու արյունոտ կնճիռների թեման այսօր հանդիսանում են նաև միջազգային հարաբերություններում այլոց կողմից կիրառվող արդյունավետ քաղաքական-դիվանագիտական գործիքներ:

Ամենևին չնսեմացնելով պաշտոնական Մոսկվայի կամ Փարիզի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հետ կապված գործնական քայլերը, չեմ կարող միաժամանակ չնշել, որ դրանք թելադրված են եղել նաև հենց իրենց քաղաքական շահերով:Եթե Ֆրանսիայի ու ԵՄ-ի համար թուրքական մերժողականությունը Ցեղասպանության հարցում Անկարայի՝ ԵՄ անդամության ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտ ստեղծելու ծանրակշիռ փաստարկ դարձավ, ապա Ռուսաստանի համար հայ-թուրքական հարաբերությունների թշնամական բնույթը մշտապես հնարավորություն էր ընձեռում իր ռազմաքաղաքական ներկայությունը Փոքր Ասիայում և Հարավային Կովկասի տարածաշրջանում պահպանելու և ավելացնելու համար:

Ցավալիորեն՝ հատկապես ռուս-թուրքական մշտական մրցակցությունը, որը մերթ-ընդ-մերթ զուգորդվում էր ժամանակավոր մարտավարական մերձեցումներով, հանգեցրեց նրան, որ Կոստանդնապոլսից մինչև Բաքու ընկած հսկայական տարածքը համարյա ամբողջությամբ զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը դեռևս լիովին ապահովագրված չեն արտաքին աշխարհից եկող ահարկու սպառնալիքներից և հենց սրա մասին է, որ պետք է լրջագույնս մտածենք ու, մտաբերելով անցյալի դառը դասերը, ձգտենք գտնել մեզ խաղաղ ապագա ու զարգացման կայուն հեռանկարներ ապահովող քաղաքական բանաձևը:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին