Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները խոշտանգումների ենթարկված)։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈւ կողմից։
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։
Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։
Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։
Բայց դե իհարկե բարի կամքն ավելի կարևոր է»։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:
ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին. «Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»։