▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում գիտնականները լյարդի ցիռոզը բուժող դեղամիջոց են ստացել

Լյարդի ցիռոզն ապագայում հնարավոր կլինի կանխարգելել ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայում մշակած մոտեցմամբ։ Իսկ արդեն հիվանդներին հնարավոր կլինի բուժել նույն լաբորատորիայում ստացված բուսական դեղամիջոցով։

/filemanager/uploads/2022/01/week-4/Hrachik_Gasparyan.jpg

Այս մասին գրում է  ankakh.com-ը։

 ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայում մշակվել և ներդրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի առաջացման մոդելի և  նշված ախտաբանության փորձարարական դինամիկ ուսումնասիրությունների նոր եղանակ։ Գիտական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայի հայցորդ Լիլիթ Արշակյանը կայքի հետ զրույցում ասել է, որ հինգ տարվա ուսումնասիրությունները հաջողությամբ են պսակվել և այժմ արդյունքների ամփոփման փուլում են։

«Ի սկզբանե թեման նվիրված էր Հայաստանում և Արցախում աճող բուսական հումքի վրա պատրաստված դեղամիջոցի հակացիռոտիկ հատկության ուսումնասիրությանը։ Հետագայում հետազոտությունների շրջանակն ընդլայնվեց։ Ուսումնասիրվել են լյարդի փորձարարական ցիռոզի զարգացման դինամիկան, նախացիռոտիկ իրավիճակի կանխորոշումը՝  նպատակ ունենալով այն ներդնել բժշկական պրակտիկա, որպես հեպատոպրոտեկտոր ակտիվ դեղամիջոց»,- ասել է Արշակյանը։

Արձանագրված գիտական արդյունքների հիման վրա Արշակյանն առաջիկայում կպաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը, որից հետո արդեն ողջ թիմով ձեռնամուխ կլինեն գիտական արդյունքների միջազգայնացմանը։

Նշում է՝ առայժմ հայաստանյան գիտական շրջանակներն են տեղյակ իրենց թիմի ձեռքբերումների մասին և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում արձանագրված արդյունքների հանդեպ։ Հետազոտողների այս  թիմը նախատեսում է ստացված բուսական դեղամիջոցը հաջորդիվ ենթարկել նախակլինիկական և կլինիկական փորձարկումների, որից հետո հնարավոր կլինի դեղամիջոցը կիրառության մեջ դնել բժշկության մեջ։ 

«Մենք վստահ ենք, որ մեր ստացած տվյալները արդիական և  հավաստի են։ Սակայն արդյունքների կիրառականությունը կախված է նրանից՝ արդյո՞ք կունենանք պատշաճ ֆինանսավորում և նորագույն տեխնոլոգիաներ, որոնցով կկարողանանք նախակլինիկական և կլինիկական հետազոտություններ իրականացնել»,- ասել է Արշակյանը՝ հավելելով, որ իրենց արձանագրած գիտական արդյունքը բազմապրոֆիլ նշանակություն ունի՝ կարող է կիրառվել բժշկության, դեղաբանության մեջ՝ ցուցաբերելով տարբեր գիտական մոտեցումներ։

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու  Հրաչիկ Գասպարյանը, խոսելով գիտական հետազոտությունների արդյունքների կիրառականության հնարավորությունների մասին, ասել է․

«Կառավարությունն ու գիտությունը պետք է սերտ կապի մեջ լինեն, քանի որ առանց կառավարության գիտական ոչ մի հետազոտություն  ավարտուն չի լինի։ Գիտությունն ընդհանրապես ֆինանսատար, աշխատատար գործընթաց է, որի վերջնական փուլին հասնելու համար բավականին շատ ֆինանսական միջոցներ են պետք։ Առանց կառավարության աջակցության բժշկագիտության մեջ դեղամիջոցներ ներդնելն անհնար է»։ Նա նշում է՝ ներկայում 3 դեղամիջոց նախակլինիկական և կլինիկական փորձարկումների են սպասում, սակայն ֆինանսավորում այդպես էլ չեն կարողանում ստանալ։

Հարցին, թե ինչու՝ դժվարանում է պատասխանել, սակայն նաև հավելում է՝ «գիտությունը խելոքների համար է, այսինքն այն հետազոտողների համար, որոնք իսպառ նվիրված են գիտությանը, այլ ոչ թե պատահական մարդկանց համար է»։

Գասպարյանը նշում է՝ պետություն-գիտություն համագործակցության հիմնական միջոցը ներկայում թեմատիկ գրանտներն են։ Դրանք, սակայն, բավարար են ընդամենը մասնակի ֆունդամենտալ հետազոտություններ իրականացնելու համար, բայց ոչ դրանք կիրառական դաշտ տանելու։

«Օրինակ, ստացել ենք ակտիվ  բուսական նյութ, որը կարող է բուժել  կամ կանխարգելել ցիռոզ հիվանդությունը։ Սա տարածված և բարդ  հիվանդություն է, որը կարող է  հանգեցնել լյարդի քաղցկեղի, իսկ մենք փորձում ենք այն կանխարգելել, ինչպես նաև բուժել նշված հիվանդությունը։ Ներկայումս, որպեսզի մենք այդ նպատակին հասնենք, ստացված դեղամիջոցը նախ պետք է նախակլինիկական հետազոտություններ անցնի, ինչի համար բավականին շատ ֆինանսներ են պետք։ Հաջողելուց հետո արդեն կանցնենք կլինիկական հետազոտություններին, որտեղ էլ ավելի շատ ֆինանսներ են պետք գալու։ Առանց կառավարության աջակցության այս ամենը հնարավոր չէ»,- ասել է Գասպարյանը։

Նա նաև կարևորում է, որ շուկայում տեղական արտադրության դեղամիջոցներն առատորեն ներկայացված լինեն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին