▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան. Նիկոլ Փաշինյան

Հանրությունը պետք է վստահ լինի, որ կորոնավիրուսի վերաբերյալ ինֆորմացիայի թիվ մեկ աղբյուրը Կառավարությունն է։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, «Շանթ» Հ/Ը «Հեռանկար» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր կողմից կորոնավիրուսով վարակվածների թվի հրապարակմանը։

Հարցին՝ արդյոք «վերջին ատյանի» հայտնած ինֆորմացիան որոշակի վտանգներ չի՞ պարունակում, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Եղել է, երբ գրառումների տվյալներում սխալվել եմ, եւ ինձ համար բացարձակապես բարդ չէ խոսոտովանել, եւ ինչ-որ տեղ խոստովանել եմ եւ ուղղել այդ տվյալը։ Կարծում եմ, որ առաջին տվյալները Առողջապահության նախարարությունն է հաղորդում, եւ հիմա լրատվական կոմունիկացիաներն ավելի կազմակերպված են այդ առումով. ես առաջին աղբյուրը չեմ»։

Վարչապետը կարեւորեց հանրության հետ հաղորդակցությունը պահպանելը, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ է մտածում Կառավարությունը. «Ես մարդկանց հետ հաղորդակցվում եմ եւ կարծում եմ՝ վատ չի դա։ Մենք այսօր ազնիվ մեկ կամ երկու ժամվա տվյալով մեզ մոտ տեղի ունեցող ամբողջ ինֆորմացիան հրապարակում ենք։ Մեզ համար կարեւոր է, որ հանրությունը վստահ լինի։ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ որպես այդպիսին չկան, որովհետեւ հանրությունը վստահ է, որ Կառավարությունը տեղեկատվությունը կհաղորդի։ Կարծում եմ, որ ազնվությունն ու թափանցիկությունը ռիսկեր բերում են, բայց այս ճանապարհը պետք է շարունակենք։ Հանրությունը պետք է վստահ լինի, որ թիվ մեկ աղբյուրը ինֆորմացիայի Կառավարությունն է»։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ արդյոք վստա՞հ պիտի լինենք, որ բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ եւ ճշգրտությամբ հրապարակում են կորոնավիրուսով վարակված իրենց քաղաքացիների տվյալները. «Անկեղծ ասած, երբ վիճակագրությունը նայում եմ, այնքան էլ վստահ չեմ, որ բոլոր երկրներն են այս կանոնին հետեւում։ Մեզ համար այդ դեպքում ռիսկեր է առաջանում։ Շատ շուտով կպարզվի, թե Հայաստանի կորոնավիրուսի ամենածանր վիճակում գտնվող երկիրն է, բայց իրականում գիտենք, որ հակառակն է, եւ մենք բոլոր առումներով ամենալավ վիճակում գտնվող երկրներից ենք, փառք Աստծո մինչեւ այս պահը։ Տեսնենք աշխարհի խանութների՝ ցուցափեղկերում ինչ վիճակ է եւ Հայաստանում ինչ վիճակ է»։

Փաշինյանն ասաց՝ եղել են դեպքեր, երբ քաղաքացու մոտ որեւէ ախտանշան չի եղել, սակայն նրան մեկուսացրել են, որովհետեւ կորոնավիրուսով վարակված է եղել. «Հետեւողականորեն գնացել ու մեծ թվով մարդկանց ենք ստուգել։ Հայտնաբերել ենք դեպքեր, երբ մարդը կհիվանդանար, կլավանար ու ինքն էլ չէր իմանա, որ վարակված է կորոնավիրուսով»։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի եւ արտադրամասի դեպքերին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին