▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական լրագրողության մայրամուտը կամ օպերատիվ ինֆորմացիա բերանային սեքսի մասին (21+)

Դժվար է թերագնահատել հայկական մամուլում վերջերս տարածված «Բերանի սեքս» վերնագրով հոդվածի դերը նախագահական ընտրություններին, գաղտնալսումներին և այլ աննշան թեմաներին նվիրված տարբեր անհետաքրքիր հոդվածներ և հոդվածիկներ տեղադրող միապաղաղ մեդիադաշտի նկատմամբ հանրության սառած հետաքրքրության թեժացման գործում։ Ստորև բերված է սույն հոդվածի նշանակության գիտավերլուծական քննադատությունը։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, այն հասցեագրված է միայն չափահաս անձանց։

Խնդրո առարկա հոդվածը հայեցի ներկայացնում է «բերանի սեքսի» նրբությունները, դրանով իսկ նպաստելով հայ ազգի սեռական գրագիտության բարձրացմանը։ Հեղինակը իրավացիորեն նշում է, որ «Այս տիպի սեռական ակտը կատարվում է բերանով, երբ կնոջ կամ տղամարդու սեռական օրգանի քնքշանքները կատարվում են բերանային խաղիկների միջոցով»: Այս ճշմարտացի խոսքերը շղարշազերծում են հայ ազգի համար առ այսօր մութ մնացող այս ինտիմ բնագավառի գաղտնիքները, հատկապես այն զանգվածի համար, ով թյուրիմացաբար կարծում էր, որ բերանային սեքսը հայ իրականության մեջ բնորոշում էր բացառապես «սեռական հայհոյանք» արտաբերելը, որ ժողովրդի մեջ առավել հայտնի է «մորքֆուր» տերմինով։ Ճիշտ է, հեղինակները չեն կենտրոնանում «բերանային խաղիկների» մոտորիկայի վրա, ըստ երևույթին վստահելով հայ ազգի ներկայացուցչի գենետիկորեն վառ երևակայությանը, և տարբեր բնագավառներում զանազան «խաղեր տալու» հակվածությանը։ Այս եզրույթը հետագա նկարագրման կարիք ունի, որը կակընկալենք հեղինակների հաջորդ աշխատություններում։

Քիչ անց նույն նյութում ընթերցողին է ներկայացվում «կունիլինգուս» տերմինը, որը բնորոշվում է, որպես բերանային սեքս, «...երբ բերանային քնքշանքների միջոցով բավարարվում են կնոջ պահանջները»: Այստեղ կցանկանայինք մեր անհամաձայնությունն արտահայտել հեղինակների հետ, քանի որ կնոջ պահանջներից բոլորը չէ, որ կարող են բերանային սեքսի միջոցով բավարարվել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կնոջ գույքային և ֆինանսական պահանջներին, որոնց բավարարելու համար տղամարդու մեկ այլ օրգան է սովորաբար տքնում։

Հաջորդ գիտական հայտնագործությունը կարդալու համար անհրաժեշտ է հոգեբանի սերտիֆիկատ և հասունությունը հաստատող պետական փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, և դրանց հավասարեցված), քանի որ արտահայտված միտքը կարող է վնասել անչափահասների փսիխիկան։

«Կինը կարող է սկսել առաջինը, սակայն պետք է չդիմի խորքային լիզումների, այլապես կարող է ունենալ սրտխառնոց և նույնիսկ կարող է փսխել»:

Սույն նախադասության գիտական նորամուծությունը, որի համար հեղինակները կարող են ակնկալել Նոբելյան կամ դրան հավասարեցված այլ մրցականեր, կայանում է կնոջ՝ առաջինը սկսելու հնարավորություն ընձեռելու մեջ, քանի որ հազարամյակներ շարունակ առաջինը սկսում և վերջացնում էր տղամարդը։ Ահա՛ իրական էմանսիպացիան, ահա՛ իրական հավասարությունը, որի վրա բազմաթիվ դոնորներ առ այսօր միլիարդներ էին վատնում։

Ավելի գնահատելի է «խորքային լիզումներ» տերմինի կիրառումը հատկապես այս ենթատեքստում, քանի որ մինչ այս «խորքային լիզումներ» նկատվել էին առավելապես քաղաքական և պաշտոնական հարաբերություններում, որոնցից, ի դեպ, ևս կարելի է փսխել։ Սա վեր է հանում քաղաքական և սեռական լիզումների միջև անքակտելի կապը, ինչն ինքնին գիտական նվաճում է։

«Կինը պետք է հաշվի առնի, որ առնանդամի գլխիկը տղամարդու սեռական օրգանի ամենազգայուն հատվածն է, և ավելի ուշադիր պետք է վարվի նրա հետ, բայց չդիմի միօրինակ մինետային շարժումների, այլ բազմազանություն մտցնի' ըստ տղամարդու նախասիրության»:

Այստեղ ևս մեր անհամաձայնությունը պիտի հայտնենք հոդվածի հեղինակների մոտեցմանը, քանի որ, ինչպես հայտնի է, տղամարդու ամենազգայուն հատվածը նրա սմարթֆոնի մակերևույթն է, կամ դրամապանակը։ Մեկի վրայի քերծվածքը և մյուսի «բարակացումը» շատ ավելի խորը հետք են թողնում տղամարդու զգայուն հոգեբանության վրա՝ դառնալով խորը դեպրեսիայի պատճառ։

Հաջորդ հատվածում հեղինակները դեմ են արտահայտվում մինետային շարժումների միօրինակությանը, բայց չեն սահմանում դրանց այընտրանքները։ Սա ևս շտկման կարիք ունի։

Մյուս հեղափոխական միտքը հետևյալն է. «Սեռական ակտի ժամանակ շատ հնարավոր է, որ սերմնաժայթքումը տեղի կունենա կնոջ բերանի մեջ»: Հիրավի, մի քանի հազարամյակ անհրաժեշտ եղավ մարդկությանը, որպեսզի այս երևույթին գիտական ձևակերպում տրվի։ Սերմնաժայքման հնարավորությունը նշանակելով ΔS, հեղինակները ծրագրավորում են հաջորդ հոդվածում մաթեմատիկորեն ներկայացնել դրա մեծությունը որպես ֆունկցիա՝ մինետի М միօրինակությունից և խմած ալկահոլի V ծավալից։ Սա թույլ կտա նվազագույնի հասցնել հաջորդ պարբերությունում նկարագրված «տհաճությունը», որի դեպքում «կինը պետք է առնանդամը լեզվով հետ բերի, քանի որ այդ ժամանակ տղամարդիկ դիմում են էլ ավելի կտրուկ շարժումների»։ Հեղինակները սույնով իրենց հաստատուն ՈՉ-ն են ասում առնանդամի ետ բերման այլ՝ բռի մեթոդներին, որոնց դեպքում օգտագործվում էին այլ օրգանական և ոչ օրգանական առարկաներ՝ ներառյալ սառը զենքը։

Ամփոփելով «Բերանով սեքսը» հայեցի հոդվածի գիտավերլուծական քննադատությունը, կուզենայինք հուսալ, որ սույն հոդվածը խորը և անջնջելի հետք կթողնի Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող սեռական ակտերի պրակտիկայի վրա՝ ավելի բազմազան և որակյալ դարձնելով դրանք։ Կուզենայինք ակնկալել, որ հեղինակները հանդես գան նաև սույն թեմայի շրջանակներում այլ կարևոր նորամուծություններով ու դրանց գիտական ներկայացմամբ, ավելի խորը բացահայտելով սեքսի մութ կողմերը։

Հ.Գ. Նախորդ գրառումս աշխարհի մոտալուտ վերջին էր վերաբերում։ Հեղինակը, այսինքնըս՝ ես, վեր էր հանում դրա մոտալուտ գալստյան մեջ նշմարելի պոզիտիվ նոտաները՝ միաժամանակ մոռանալով ամենակարևորը. աշխարհի վերջը միանշանակ ու անբեկանելի ՎԵՐՋ կդնի ՀՀ մեդիադաշտում էնպիսի հոդվածների լույս աշխարհ գալուն և դրանով իսկ անգնահատելի ծառայություն մատուցելով ողջ վիրտուալ դաշտին, հայութանը և ընդհանրապես՝ մարդկությանը։ Հղումը դիպմամբ չեմ տալիս, որ գովազդ չդառնա։

 

Գրառումը` ohovanitas.livejournal.com-ից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին