▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթարշավը շարունակվում է.«Ժողովուրդ»

Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթարշավը շարունակվում է: Երեկ 28 եվրոպական երկիր ներկայացնող Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Եվրոպական խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության եւ համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության  100-րդ  տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը եւ կոչ է անում ԵՄ Հանձնաժողովին եւ Խորհրդին միանալ ոգեկոչմանը»,- ասված է բանաձեւում:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռեւս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Երեկ էլ Եվրախորհրդարանը վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին ընդունված բանաձեւը, որում ասված է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է ՄԱԿ-ի՝ 1948թ. ընդունած կոնվենցիայում: Երեկվա բանաձեւով առաջարկվում է նաեւ սահմանել Ցեղասպանությունների հիշատակման օր:

Նշենք, որ բանաձեւում անդրադարձ կա նաեւ Թուրքիայի իշխանությունների կողմից անցած  ապրիլի 24-ին հնչեցրած ցավակցություններին: Ու թեեւ եվրոպական խորհրդարանը երեկ ընդունած բանաձեւում ողջունել է Էրդողանի եւ Դավութօղլուի «ցավակցությունները եւ օսմանյան հայերի դեմ տեղի ունեցած դաժանությունների ընդունումը` որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ», այնուամենայնիվ բանաձեւի քննարկման ընթացքում հնչած գնահատականները ցույց են տալիս, որ, ի վերջո, եվրոպական հանրությունը հստակ գիտակցում է ներկայիս Թուրքիայի եւ եվրոպական արժեհամակարգի միջեւ առկա անհատակ անդունդը, որն անգամ ամենամեծ քաղաքական շահերի դեպքում լցնելն այլեւս վտանգավոր է դիտվում: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Կիպրոսի եւ Իտալիայի պատվիրակների ելույթները հստակորեն ցույց տվեցին, որ Թուրքիայի իշխանությունների ժխտողականության պարանոյայի` արդեն հակաեվրոպական դրսեւորումները անարձագանք չեն մնալու: 

Ուշագրավ էր հատկապես խորհրդարանականների արձագանքը իտալացի պատվիրակ Բորգեզիո Մարիոյի վրդովված ելույթին, որում նա Հռոմի պապի հասցեին վիրավորական արտահայտություններ արած Էրդողանին անվանեց «մաֆիոզ»: «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»,- իտալացի պատգամավորի այս խոսքերին հաջորդեցին Եվրախորհդարանի պատվիրակների ծափահարությունները: Այդպիսով` որքան կատաղի է դառնում Էրդողանի ժխտողականությունը, այնքան մեծանում է քաղաքակիրթ աշխարհի հակազդեցությունը: Վերջապես:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին