«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են:
Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակներում, բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:
Ներման համար ներկայացվել է նաեւ Արմեն Տեր-Սահակյանը, որն էլ անցնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում եւ մեղադրվում էր հանցավոր խմբավորումներ կազմավորելու եւ սպանություններ իրականացնելու մեջ:
Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` Արմեն Տեր-Սահակյանը ժամանակին հրաժարվել է Վ. Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալուց եւ դրա համար դատապարտվել ցմահ ազատազրկման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում