«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն» (EITI) միջազգային ազդեցիկ կազմակերպությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով` զրկել է կարգավիճակից:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն» (EITI) կազմակերպության տնօրենների խորհուրդը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացրել է իր 36-րդ ժողովը, որի ժամանակ քննարկել է նաև Ադրբեջանի կարգավիճակի հարցը:
Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Ադրբեջանին զրկել անդամակցությունից:
Կազմակերպության ղեկավար կազմի պատճառաբանությամբ՝ Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամության համար պարտադիր ներքին բարեփոխումները, որոնց արդյունքում պետք է բարելավվեր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների իրավիճակը:
EITI-ի ղեկավար մարմինը Աստանայում կայացած 35-րդ ժողովի ժամանակ Ադրբեջանի առջև դրել էր մի շարք նախապայմաններ, որոնց կատարման դեպքում այդ երկիրը կարող էր շարունակել իր անդամակցությունը:
Այդ նախապայմանները կատարելու համար տրվել էր 6 ամիս ժամանակ, սակայն Ադրբեջանում հատկապես վերջին ամիսներին ավելի է վատացել իրավիճակը, և այդ երկրի կառավարությունը, հասարակական կյանքում բարեփոխումներ կատարելու փոխարեն, ավելի է ուժեղացրել ակտիվիստների, հասարակական գործիչների և ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները:
Դեռևս 2016-ի հոկտեմբերի 25-ին 18 միջազգային կազմակերպություններ պահանջել էին Ադրբեջանին հեռացնել «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն նախաձեռնության » (EITI) անդամ երկրների ցուցակից:
Այդ կազմակերպությունների շարքում էին այնպիսի ազդեցիկ կազմակերպություններ, ինչպիսիք են Freedom House-ը եւ Index on Censorship-ը: Նմանատիպ պահանջի պատճառն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող շարունակական բռնաճնշումներն էին:
Այս նույն պատճառով EITI-ում Ադրբեջանի կարգավիճակը 2015 թվականի ապրիլ ամսին լիիրավ անդամի մակարդակից իջեցվել էր թեկնածուի մակարդակի, եւ Ադրբեջանին պահանջ էր ներկայացվել վերջ տալու բռնաճնշումներին:
Միջազգային կազմակերպությունների նամակում ասվում էր. «Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը շարունակում է անողոք կերպով բռնաճնշումներ կիրառել ակտիվիստների նկատմամբ, շարունակվում են նաեւ ձերբակալությունները: Ադրբեջանի կառավարությունը սառեցնում է ակտիվիստների բանկային հաշիվները, արգելափակում ակտիվիստներին դրսից ուղարկված ֆինանսները:
Կազմակերպության անդամությունը պահելու համար Ադրբեջանի կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ վերջ դնի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող ճնշումներին»:
Սակայն Ադրբեջանի կառավարությունը արեց ճիշտ հակառակը, ինչի արդյունքում զրկվեց անդամության կարգավիճակից: