Շոտլանդացի չորսամյա աղջնակը՝ Շարլոտտան, տառապում է հազվադեպ հիվանդությամբ, որը կոչվում է Փայքի սինդրոմ: Այդ եզակի հիվանդության արդյունքում երեխան ուտում է կտորե իրեր՝ գորգեր, վարագույրներ և այն ամենը, ինչ կազմված է տարբեր փափուկ հյուսվածքներից: Երեխայի մայրը՝ Նիքին պատմել է, որ իրենց տան բոլոր կտորե իրերը՝ գորգերը, կահույքի երեսի մասը բառացիորեն պատռված ու մաս-մաս են արված:
Երեխայի մոր խոսքով, Շարլոտտան սկսել է նույնիսկ իր խաղալիքներն ուտել, որոնք պատրաստված են փափուկ գործվածքներից: Մանկական բժիշկը նրան խորհուրդ է տվել ամեն անգամ, երբ երեխան կտորե իր է ուտում, զանգել փրկարար ծառայություն: Երեխան տառապում է նաև աուտիզմով: Այս ախտորոշումը պարզվել է մեկ տարեկան հասակում, երբ երեխան առաջին անգամ գորգ է կրծել: Ծնողները դիմել են բժշկի պատճառները պարզելու համար՝ ախտանիշը եղել է աուտիզմ: Հետո երբ երեխայի մոտ կրկնվել է գործվածքներ ուտելու դեպքերը, բժիշկները նաև դրել են Փայքի սինդրոմի դիագնոզը:
Շարլոտտայի ծնողները հուսալքված են, քանի որ բժիշկները նրանց ոչնչով չեն կարող օգնել: Հիվանդությունը անբուժելի է: Միակ բանը, որ բժիշկները կարող են խորհուրդ տալ, տանից հավաքել բոլոր կտորե ու փափուկ գործվածքով իրերը՝ գորգեր, հագուստներ, սպիտակեղեն, վարագույրներ ու նույնիսկ փափուկ խաղալիքներ: