Գրել էինք, որ 2020 թվականի դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են պաշտոնից:
Թեմային անդրադառնալով, ԱրմԼուրը գրում է, որ ըստ կայքի աղբյուրների, Վիրաբյանը հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ խնդիրներ է ունեցել, ինչի համար որոշվել է այլևս նրա հետ նոր աշխատանքային պայմանագիր չկնքել: Տևական ժամանակ է Վիրաբյանն առանց աշխատանքի է մնացել: Կայքը նաև նշում է,որ զրուցել է Տիգրան Վիրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ են ազատել աշխատանքից: «Ինձ աշխատանքից չեն ազատել, պայմանագրի ժամկետի հետ է կապված եղել, 5 տարի ժամկետով է եղել պայմանագիրը, դեկտեմբերի 15-ին լրացել է պայմանագրի ժամկետը, ինչպես պայմանավորվել էինք ժամկետից հետո, նոր պայմանագիր չենք կնքել»,-հայտարարել է նա:
Դիտարկմանը, որ խնդիրներ եք ունեցել Հանրայինի տնօրինության հետ, Վիրաբյանն ասել է. «Չէ, ինչ խնդիրներ կարող էի ունենալ, 5 տարի աշխատել ենք առանց խնդրի, առանց կոնֆլիկտի, շատ ջերմ հարաբերություններ ունենք բոլորս, իսկ հեռուստատեսությունն ունի ահռելի վարկանիշային աճ»,-հայտարարել է Վիրաբյանը:


