▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Հակոբյանը ներկա են եղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, ապա այդ առիթով հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Խոսելով Արցախի երրոդ նախագահ Բակո Սահակյանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ 

Վերադառնալով այսօրվա արարողության ուղիղ և առաջնային բովանդակությանը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար:

Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ընթացքում ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել հրապարակային. 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե քաղաքական, թե բարոյական, թե մարդկային և թե պետական իմաստներով, այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով և երկիմաստություններով:

Վերջին տարում մեր հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը, բայց պատվով կարող եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության և հիմա կարող եմ ասել, որ ի դեմս Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր և բարեկամ և ուրախ ու շնորհակալ եմ դրա համար:

Եվ ի վերջո,

Շնորհավորում եմ Արցախի նորընտիր՝ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:

Համոզված եմ, որ պարոն Հարությունյանի նախագահության շրջանում Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ կդառնա:

Հայաստանի կառավարությունն ուշի ուշով հետևել է Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացներին: Ընտրություններից առաջ ոմանք կանխատեսում էին, որ Արցախում տեղի կունենա հեղափոխություն, ոմանք կանխատեսում էին, որ տեղի կունենա հակահեղափոխություն:

Ի սկզբանե իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղափոխության թատերաբեմ: Արցախը չէր կարող լինել հակահեղափոխության թատերաբեմ, որովհետև մեր ժողովրդի մի հատվածը ի բնե որևէ սցենարով չի կարող և չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին:

Արցախը հեղափոխության թատերաբեմ դառնալու կարիք չուներ էլ, որովհետև ինչպես ասել եմ, Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղափոխության լիարժեք մասնակից էր և հետո՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը, իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին