▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պատգամավորը 1000 դոլար պարտվեց... «Ժողովուրդ»

2015թ. մարտի 5-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի եւ նրա հորեղբոր որդու՝ Արտակ Թորոսյանի գործով դատական վճիռը: Եվ այսպես՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն ու նրա հորեղբոր որդին` Արտակ Թորոսյանը, դատարանի վճռի պարտադրմամբ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետք է վճարեն 994 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ 15 հազար դրամ: Ու մինչ վճարումը, հանրապետական պատգամավորի գույքը արգելանքի տակ կմնա:

 

Եվ այսպես՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի անունը հայտնվել դատարանում:

2014թ. հունիսի 11-ին «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանից եւ նրա հորեղբոր որդուց` Արտակ Թորոսյանից հօգուտ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի բռնագանձել 994.51 ԱՄՆ դոլար եւ 15 հազար  ՀՀ դրամ:

Դատարանում վարկային կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է՝ 2012թ-ին անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանի եւ վարկային կազմակերպության միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի պատասխանող ԱՁ Արտակ Թորոսյանին ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպատակով տրվել է 3 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Վարկը տրամադրվել է մինչեւ 2014թ. մարման ժամկետով, տարեկան 17% դրույքաչափով:

Պատգամավոր Թորոսյանն ընդամենը եղել է գործով երաշխավոր Արմեն Խաչիկյանի հետ միասին: Ու քանի որ պատգամավորի հորեղբորորդին, ըստ վարկային կազմակերպության ներկայացուցչի,  պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ չի կատարել, պարբերաբար խախտել է վարկի մարման ժամանակացույցը. «Ընկերությունը պարբերաբար ծանուցել է պատասխանողներին վարկային եւ երաշխավորության պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին, պահանջել է կատարել այն՝ միաժամանակ ներկայացնելով պարտավորության չափը: Սակայն պատասխանողները չեն կատարել իրենց պարտավորությունները»:

Նկատենք, որ դատարանը ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանին, նրա հորեղբոր որդուն` Արտակ Թորոսյանին, եւ այս գործով եւս մեկ անձի՝ Արմեն Խաչիկյանին, ծանուցել է դատական նիստերի մասին, սակայն դատական ծանուցագրերը հետ են վերադարձվել դատարանին, քանի որ այս գործով Արտակ Թորոսյանի եւ Արմեն Խաչիկյանի փաստացի գտնվելու վայրն անհայտ է եղել, ուստի դատարանը որոշել է գործը քննել պատասխանողներ ԱՁ Արտակ Թորոսյանի, Արմեն Խաչիկյանի բացակայությամբ: Իսկ, ահա, պատգամավոր Շիրակ Թորոսյանին համատիրության աշխատակցի միջոցով ծանուցվել է դատական նիստի օրվա եւ ժամի մասին: Սակայն նա այդպես էլ չի ներկայացել դատական նիստին: Ուստի դատավոր Էդուարդ Ամալյանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշել է գործը քննել պատասխանողների բացակայությամբ:

Արդյունքում՝ 8 ամիս քննելով այս գործը՝ մարտի 5-ին դատարանը որոշել է ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանից, նրա հորեղբորորդի Արտակ Թորոսյանից եւ Արմեն Խաչիկյանից համապարտության կարգով հօգուտ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 994 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ եւ 15 հազար վաթսուն չորս ՀՀ դրամ: Ավելին՝ դատարանը որոշել է մինչեւ նշված անձիք չկատարեն դատարանի որոշումը, ապա անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանին, Շիրակ  Թորոսյանին եւ Արմեն Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված արգելանքը չի հանվի: Վճիռը կամովին չկատարելու դեպքում կկատարվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Նյութը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին