▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա դո՞ւք գիտեք, թե ԱԱԾ-ն». Պետրոս Ղազարյանը` Արմեն Գրիգորյանին

«Հարցազրույցի» վարող Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղարին. «Ներքին Հանդում վերջին միջադեպի ժամանակ դիտորդների հետ կապված` դուք ասացիք, որ ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, ՌԴ-ն չկարողացավ այնտեղ կասեցնել միջադեպը: Մեր ԱԱԾ-ն էլ հայտարարեց, որ այդ հատվածում ԵՄ դիտորդական առաքելության համար խոչընդոտներ չկան: Դուք ասում եք` կան: Հիմա դո՞ւք գիտեք, թե ԱԱԾ-ն»:

«Ես կարող եմ ասել, որ այս պահին ԵՄ դիտորդներն այդ տարածքում` Ներքին Հանդից դեպի ՀՀ-Ադրբեջան` միջազգայնորեն ճանաչված սահման մուտք չունեն: Այդպիսի խնդիր կա և մենք հասցեագրելու ենք»,- պնդեց Արմեն Գրիգորյանը:

***

«Հարցազրույց» հաղորդման ընթացքում Պետրոս Ղազարյանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ներկայացրեց ընդդիմախոսների այն զգուշացումները, որ պետք չէ վատ բարեկամ Ռուսաստանին դարձնել վտանգավոր թշնամի:

«Մենք որևէ բան չենք անում, որ Ռուսաստանը թշնամանա ՀՀ-ի դեմ: Մենք ընդամենը մեզ համար այլընտրանքներ ենք փնտրում: Ռուսաստանը չի կարողանում, անգամ երբեմն անուղղակիորեն հայտարարում է, որ չի հասցնում բոլոր ուղղություններով զբաղվել: Հիմա Հայաստանն այլընտրանքներ է փնտրում, փորձում է իր անվտանգությունն ապահովել, հիմա ի՞նչ կա այդտեղ թշնամանալու»,- բացատրեց Արմեն Գրիգորյանը:

***

Ռուսաստանն է մեզ կանգնեցրել փաստի առաջ, երբ որ զենք չի մատակարարել, «Հարցազրույց»-ի եթերում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ռուսաստանի կողմից մի այսպիսի միտք է հնչել, որ եթե Հայաստանին զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, դրա համար էլ զենք չեն մատակարարում»,- ասաց նա:

Պետրոս Ղազարյանի ճշտող հարց ուղղեց.

-Այսինքն ձեզ ասել են, որ ձեզ զենք չենք տալիս, բանակը չենք բարեփոխում, որ ձեր դիրքորոշումները չկոշտանա՞ն:

-Այո:

-Ես հարցնե՞մ ով է ասել:

-Կարծում եմ` կարիք չկա:

-Բայց պաշտոնակա՞ն պատասխան է:

-Այո:

***

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալվել է «Հանրային հեռուստաընկերության» «Հարցազրույց» հաղորդաշարին: Նա վստահեցնում է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը` փնտրելով այլ շուկաներ, բացի ռուսականից: «Դեռևս մեծ ծավալի այլընտրանքներ չունենք, բայց աշխատանքները տարվում են»,- ասում է նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին